ՀԵՑ–ի սեփականատերերը դատի են տվել Գևորգ Պապոյանին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի սեփականատերերի անունից հայց է ներկայացվել ընդդեմ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի։ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հայցադիմումը դատարան է մուտքագրվել հունվարի 15-ին և մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Սամվել Բաբայանին։

Հայցով ՀԷՑ-ի սեփականատերերը պահանջում են, որ դատարանը Պապոյանին պարտավորեցնի հրապարակային հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, որոնք նա ասել է Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում։ Ավելի վաղ ՀԷՑ–ի սեփականատերերը հերքել էին Պապոյանի հայտարարությունը, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ինչ-ինչ ձևերով կողոպտում է հայ ժողովրդին։ Ըստ հայցվորի` նման հայտարարությունները զրպարտչական են և չեն համապատասխանում իրականությանը։

Հերքումից բացի, հայցվորը 6 մլն դրամ փոխհատուցում է պահանջում։

Հիշեցնենք` Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։

Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված

Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։

Նոյեմբերի 17–ին ՀԾԿՀ–ն դադարեցրեց ՀԷՑ–ի` «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։
Նշենք, որ գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։

Տեսանյութեր

Լրահոս