Որտեղ կլինի ԵՄ-ն տարիներ անց, դեռևս բարդ է ասել․ Լուկիանով
«Հայաստանը ԵԱՏՄ-ում կմնա այնքան ժամանակ, որքան դա հնարավոր կլինի, իսկ երբ դա անհնար կդառնա՝ Հայաստանի ժողովուրդը որոշում կկայացնի»,- օրերս նման հայտարարություն էր արել Նիկոլ Փաշինյանը։
Նա մանրամասնել էր՝ ՀՀ կառավարությունն իրեն հաշիվ է տալիս, որ չեն կարող լինել միաժամանակ ԵՄ և ԵԱՏՄ անդամ, բայց առայժմ դա հնարավոր է։
«Հիմա այլ իրողություն է պարզվում․ այնուամենայնիվ, տարածք կա, որ այս ճանապարհով գնանք՝ լինելով ԵԱՏՄ անդամ։ Մենք հիմա այդ տարածքի մեջ ենք։ Մենք ձև չենք անում, մենք հստակ հայտարարում ենք, որ գնում ենք ԵՄ ճանապարհով, սակայն մենք այսօր ԵԱՏՄ անդամ ենք, ու դա նշանակում է, որ այս կետում անհամատեղելիություն չկա, հակառակ դեպքում դա հնարավոր չէր լինի։ Այնքան, որքան համատեղելիությունը հնարավոր լինի՝ կշարունակենք մնալ ԵԱՏՄ անդամ։
Երբ անհամատեղելիության անհնարինություն կարձանագրվի, մենք ՀՀ քաղաքացիների հետ կկայացնենք այն որոշումը, որը կբխի ՀՀ ժողովրդի ազատ կամարտահայտությունից»,- ասել էր նա։ Նա հատուկ ընդգծել էր ԵՄ-ին անդամագրվելու գործընթաց սկսելու մասին ՀՀ ԱԺ-ում ընդունված օրենքը։
«Սա անկյունաքարային նշանակություն ունի առաջին հերթին մեր երկրի անկախության և ինքնիշխանության ապահովման ու ավելի բարձր մակարդակ ապահովելու տեսանկյունից»,- նշել էր Փաշինյանը։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ ռազմավարությունը Հայաստանը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելն է։ Երբ սա, ըստ նրա, դառնա իրողություն՝ կգա նաև քաղաքական որոշում կայացնելու ժամանակը։ «ՀՀ կառավարության ընկալումն այս հարցում միանշանակ է․ արդյոք մենք ուզո՞ւմ ենք լինել ԵՄ լիիրավ անդամ։ Այո, աներկբա և միանշանակ։ Մենք մեզ հաշիվ ենք տալիս, ու նախորդող շրջանի փորձը դա ցույց տվեց, որ երկրին չեն ընդունում Եվրամիություն, քանի դեռ տվյալ երկիրը չի համապատասխանել ԵՄ չափանիշներին»,- ասել էր նա։
ԵՄ ու ԵԱՏՄ համատեղելության անհնարինության մասին պարբերաբար բարձրաձայնում է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Ռուսական կողմն արձանագրում է նաև Հայաստանի հետ առևտրաշրջանառության էական անկում, ինչպես նաև ռուսական բիզնեսի հետաքրքրության նվազում Հայաստանի նկատմամբ՝ ՀՀ ԵՄ ձգտումներով պայմանավորված։
Ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ պետք է հասկանալ, թե որտեղ է լինելու ԵՄ-ն տարիներ անց, որպեսզի կրկին հետաքրքրված լինի ԵՄ ընդլայնման օրակարգով։ Ներկայումս, ըստ նրա, չկա ԵՄ ընդլայնման օրակարգ, սակայն կա պատերազմ, ազդեցության պայքար, այսպես կոչված, հետսովետական տարածքում։ Ուստի, նրա խոսքով, այլ բան չի մնում անել, քան մնալ ԵԱՏՄ-ում, քանի որ նույնիսկ Ուկրաինայի, Մոլդովայի դեպքում ԵՄ լիարժեք ինտեգրացիա տեղի չի ունենում։
«Ավելին, այդ երկրների առջև ներկայումս այլ բնույթի խնդիրներ են ի հայտ գալիս։ Սա Ռուսաստանի համար ևս անցումային փուլ է, ուստի նման խնդիրներին ավելի պակաս ուշադրություն է հատկացվում։ Եթե հնարավոր է համագործակցել, ունենալ տնտեսական փոխկապակցվածություն և օգուտներ, պատերազմի պայմաններում դա բացարձակ ավելորդ չէ։ Բացի այդ, Ռուսաստանը ևս հասկանում է, որ ներկայումս չեն կայացվում բոլոր առանցքային որոշումները, սա տուրբուլենտ փուլ է, որը հանգեցնելու է նոր աշխարհակարգի, այն արդեն ձևավորման փուլում է։ Ուստի խոսույթը ԵՄ և ԵԱՏՄ անդամակցության մասին, այս պահին էական կարևորություն չունի ՌԴ-ի համար, քանի որ ՌԴ ներկայիս պայքարը, կարելի է ասել, որ ապագայի համար է»,- ասաց նա։
Նրա խոսքով, ներկայիս աշխարհի առանձնահատկությունն է նաև այն, որ ինչ նախկինում անհնար էր թվում, հնարավոր է ներկայումս։ «Ո՞վ կպատկերացներ, որ պատերազմող Ուկրաինան չի լինի ԵՄ անդամ, կամ, որ կարելի է հայտարարել ԵՄ անդամակցության ցանկության մասին, շարունակելով մնալ ԵԱՏՄ կազմում, ո՞վ էր սպասում ԱՄՆ-ից նման նախագահություն և նման արտաքին քաղաքականություն։ Սա բնորոշ է աշխարհաքաղաքական զարգացումների ներկայիս փուլին, որը դեռ կշարունակվի»,- ասաց Լուկիանովը։
