Հինգ պարզ քայլ՝ տոներից հետո կազմվածքը վերականգնելու համար
Տոնական օրերն ավարտվել են, սակայն ամանորյա առատ ու բարձր կալորիականությամբ սննդակարգի հետևանքները հաճախ դեռ հիշեցնում են իրենց մասին՝ ավելորդ քաշի տեսքով։ Մասնագետների տվյալներով՝ տոնական շրջանում մարդիկ միջինում ավելացնում են 2–3 կգ, իսկ որոշ դեպքերում՝ ավելի շատ։ Շատերի համար անգամ մի քանի կիլոգրամի ավելացումն արդեն անհարմարություն է առաջացնում, ուստի Ամանորից հետո կարևոր է ուշադրություն դարձնել քաշի վերահսկմանը և օրգանիզմի վերականգնմանը։ Այս մասին գրում է doctors.am-ը՝ ներկայացնելով հինգ պարզ քայլ, որոնք կարող են օգնել կարգավորել քաշը և բարելավել ընդհանուր ինքնազգացողությունը։
1. Օրգանիզմի մաքրում (դետոքս)
Տոնական ծանր սննդից հետո օգտակար է օրգանիզմին աջակցել տոքսինների հեռացման գործում։ Առավոտյան թարմ քամած գազարի կամ բազուկի հյութը կարող է նպաստել մարսողական համակարգի ակտիվացմանը։ Խորհուրդ է տրվում օգտագործել այն 5–7 օր՝ հավասարակշռված սննդակարգի հետ համատեղ։
2. Բեռնաթափման օր
Տոներից հետո կարելի է կազմակերպել մեկ բեռնաթափման օր։ Այդ օրը խորհուրդ է տրվում կամ նվազագույնի հասցնել սննդի ընդունումը, կամ օգտագործել մեկ տեսակի միրգ կամ բանջարեղեն (օրինակ՝ խնձոր, վարունգ)՝ միաժամանակ ապահովելով բավարար հեղուկի ընդունում։
3. Շոգեբաղնիք
Շոգեբաղնիք այցելելը կարող է նպաստել ավելորդ հեղուկի դուրսբերմանը և թեթևության զգացմանը։ Սակայն հարկ է հիշել, որ այն հարմար չէ բոլորի համար, ուստի քրոնիկ հիվանդությունների առկայության դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ։
4. Ֆիզիկական ակտիվություն և ձմեռային սպորտաձևեր
Ձմեռային սպորտաձևերը՝ դահուկներ, չմուշքներ կամ պարզապես ակտիվ զբոսանքները, օգնում են բարձրացնել էներգախնայողությունը, այրել կալորիաները և պահպանել սրտանոթային առողջությունը։
5. Լիարժեք քուն
Տոնական օրերին հաճախ խախտվում է քնի ռեժիմը։ Հետամանորյա շրջանում կարևոր է վերականգնել այն՝ քնելով օրական առնվազն 7–8 ժամ և պահպանելով քնելու ու արթնանալու կայուն ժամերը, ինչը նպաստում է նյութափոխանակության ճիշտ աշխատանքին։
