Կհետևենք իրադարձություններին՝ կապված Իրանի դեսպանի մտահոգությունների հետ. Նիկոլ Փաշինյան

2018 թվականից այս կողմ Հայաստանում երբեք ոչ մի տեղ հանրահավաք չի արգելվել, ու մենք չենք կարող առանձին վերցրած մի դեպքում այլ կերպ վարվել։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիի հայտարարությանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրղոլամին հունվարի 14–ին ասուլիսի ժամանակ փաստացի մեղադրեց հայկական կողմին դեսպանատան դիմաց ընթացող բողոքի ակցիաները թույլատրելու համար։ Նա նշեց, որ թեև իրենք շարունակաբար բողոքում են, բայց այդ գործընթացը շարունակվում է։

«2018 թվականից հետո Հայաստանում ոչ մի տեղ հանրահավաք չի արգելվել, և մենք չենք կարող առանձին վերցրած մի դեպքում այլ կերպ վարվել, որովհետև դա իրողություն է։ Այլ բան է, որ այո՛, կիսում ենք, արտահայտման ձևերը չպետք է խաթարեն ԻԻՀ-ի կամ որևէ այլ դեսպանատան աշխատանք։ Մենք ուշադիր կհետևենք, որ մեր ժողովրդավարական սկզբունքների շրջանակում ապահովենք ու միջոցներ ձեռնարկենք, որպեսզի բարեկամական և եղբայրական ԻԻՀ դեսպանատան գործունեության հետ կապված խնդիր չառաջանա։ Այն մարդիկ, որոնք օրենքի գիծը կանցեն, նրանց նկատմամբ կիրականացվեն համապատասխան վարչական վարույթներ»,– ասաց Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս