Պարսից ծոցում առգրավված լցանավի վրա առկա ավելի քան 5 մլն դոլար արժողությամբ բեռը կփոխանցվի Իրանին
Իրանի Հորմոզգան նահանգի գլխավոր դատավոր Մոջթաբա Գահրեմանին հայտարարել է, որ վերջերս կալանավորված լցանավը և ավելի քան հինգ միլիոն դոլար արժողությամբ վառելիքի բեռը կփոխանցվեն կառավարության սեփականությանը, հայտնում է Mehr-ը:
Մոջթաբա Գահրեմանին այս հայտարարությունն արել է ուրբաթ օրը՝ երկու օր անց այն բանից հետո, երբ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Պարսից ծոցի Քեշմ կղզու մոտակայքում օտարերկրյա նավ էր առգրավել, որը մոտ 4 միլիոն լիտր մաքսանենգ վառելիք է տեղափոխելուց եղել։
Նա նշել է, որ այս միջոցառումը համապատասխանում է Իրանի դատական իշխանության ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի-Էջեիի հրահանգներին՝ ուղղված վառելիքի մաքսանենգության կանխարգելմանը և դրա դեմ պայքարին, հաղորդում է Press TV-ն:
«Նավթատար լցանավը և դրա բեռը, որոնց արժեքը կազմում է գրեթե 7000 միլիարդ ռիալ (ավելի քան 5,200,000 դոլար), կփոխանցվեն կառավարությանը», – հավելել է նա: Գահրեմանին նաև նշել է, որ ԻՀՊԿ ուժերը ձերբակալել են լցանավի վրա գտնվող անձնակազմի 16 օտարերկրյա անդամներին և հանձնել դատական մարմինների ներկայացուցիչներին: Նրա խոսքով՝ նավի վրա տեղի ունեցած խախտումների վերաբերյալ գործը փոխանցվել է Քեշմի պետական և հեղափոխական դատախազություն։
Միևնույն ժամանակ, Հորմոզգանի գլխավոր դատավորն ընդգծել է, որ Իրանի դատական համակարգը վառելիքի մաքսանենգության դեմ պայքարը առանցքային առաջնահերթություն է համարում տնտեսական զարգացման և բարգավաճման ապահովման գործում: Խոստանալով անողոք պայքար մղել վառելիքի մաքսանենգության դեմ՝ նա նաև նախազգուշացրել է, որ Պարսից ծոցի ջրերը, ինչպես նաև Իրանի ափերն ու կղզիները երբեք անվտանգ չեն լինի մաքսանենգների համար:
ԻՀՊԿ-ն ուժեղացրել է Պարսից ծոցում վառելիքի մաքսանենգության դեմ պայքարը՝ նմանատիպ դեպքերի թվի աճի ֆոնին, ինչը փորձագետները կապում են Իրանում վառելիքի ներքին ցածր գների և հարևան երկրներում գործող ավելի բարձր սակագների միջև առկա աճող տարբերության հետ: Նոյեմբերի վերջին անվտանգության ուժերը կալանավորել են Էսվատինիի դրոշի ներքո նավարկող մի նավ, որը 350,000 լիտր մաքսանենգ վառելիք է տեղափոխել։
