Ադրբեջանի դատախազությունը պահանջել է Գուրգեն Ստեփանյանին դատապարտել 16 տարվա ազատազրկման
Free Armenian Prisoners. Գուրգեն Ստեփանյանը, ծնված 1987 թ., ձերբակալվել է ադրբեջանական ուժերի կողմից 2023 թ. սեպտեմբերի վերջին՝ Արցախի վրա Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով։ Նա ներկայում գտնվում է նախնական կալանքի տակ և դատվում է Բաքվի ռազմական դատարանում՝ ևս 14 հայ քաղաքացիների հետ միասին։
Նրան մեղադրում են հանցավոր կազմակերպության մեջ ներգրավված լինելու մեջ՝ Ադրբեջանի Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ ցեղասպանության, վարձկանության և ահաբեկչության մեղադրանքներով։
Ըստ ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցների՝ 2025 թ. ընթացքում Ստեփանյանը դատարանում հայտնել է, որ 2005–2006 թթ. զորակոչվել է զինվորական ծառայության որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ծառայել է Հադրութում տեղակայված զորամասում՝ Ֆիզուլիի շրջանում դիրքերի պահպանման նպատակով։ Նա ավարտել է ծառայությունը 2007 թ. նոյեմբերին և վերադարձել Ջերմուկ։
2025 թ. սեպտեմբերին դատարանում ընթերցված ցուցմունքների համաձայն՝ 2023 թ. հունվարից մինչև սեպտեմբերի 20-ը Ստեփանյանը ծառայություն է իրականացրել Ասկերանի շրջանում՝ նույն գործով հետապնդվող այլ հայ քաղաքացիներ Գարիկ Մարտիրոսյանի, Մելիքսեթ Փաշայանի, Էրիկ Ղազարյանի և Դավիթ Ալլահվերդյանի հետ միասին։ Այդ ընթացքում նրան նշանակվել է նոր փաստաբան, ինչի դեմ նա առարկություն չի հայտնել։ Նա, ըստ հաղորդման, հաստատել է ինչպես նախաքննական, այնպես էլ դատաքննության ընթացքում տված իր ցուցմունքները՝ փոքր բացառություններով։
2025 թ. նոյեմբերի 13-ի նիստում դատախազությունը պահանջել է Գուրգեն Ստեփանյանին դատապարտել 16 տարվա ազատազրկման։
Խոսեք նրանց մասին, միացեք հայ պատանդների ազատության միջազգային արշավին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
