Առանց հումանիտար հարցերի լուծման, նման քայլերը մնում են թերի և չեն երաշխավորում կայուն խաղաղություն. «Եվրոնյուզ»

Euronewsգրում է․ «Ադրբեջանը նավթամթերք է ուղարկել երկաթուղով Հայաստան, ինչը վերջին տասնամյակների ընթացքում նման առաջին արտահանումն է և զգալի առաջընթաց՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս մասին հայտնել են պաշտոնյաները։

Ադրբեջանական AnewZ լրատվամիջոցի տվյալներով՝ հինգշաբթի օրը 22 երկաթուղային ցիստեռն, որոնցում կար 1 210 տոննա ԱԻ-95 բենզին՝ արտադրված Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի կողմից, Վրաստանի տարածքով ուղարկվել են Հայաստան։ ԱԻ-95-ը բարձրակարգ անալեց (առանց կապարի) բենզին է, որը տարբեր շուկաներում հայտնի է որպես «սուպեր» կամ «ռեգուլյար»։

Երկու կողմերի պաշտոնյաները նշել են, որ այս արտահանումը կարևոր քայլ է քաղաքական հայտարարություններից այն կողմ և ցույց է տալիս խաղաղության գործնական տնտեսական օգուտները։

Վառելիքի մատակարարումը հաջորդել է նոյեմբերի 28-ին Գաբալայում (Ադրբեջանի հյուսիս-արևմուտք) ձեռք բերված համաձայնությանը, որտեղ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել է իր հայ գործընկեր Մհեր Գրիգորյանի հետ։

Կողմերը քննարկել են վստահության ամրապնդման միջոցառումներ և տնտեսական կապերի վերականգնում, որոնք խզվել էին տասնամյակներ տևած հակամարտության և փակ սահմանների հետևանքով։ AnewZ-ը գրում է, որ սա հնարավորություն կտա զարգացնել փոխշահավետ առևտուրը և նպաստել էներգետիկ անվտանգությանը և տնտեսական կայունությանը։

Երկու կառավարություններն էլ ընդգծել են երկաթուղային հաղորդակցության վերականգնման խորհրդանշական կարևորությունը, որը երկար տարիներ դադարեցված էր ռազմական գործողությունների պատճառով, որպես ավելի լայն տարածաշրջանային կապերի վերականգնման հիմք։

Սակայն նման ժեստերի ֆոնին մնում են չլուծված առանցքային հարցեր՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ճակատագիրը և Բաքվում ընթացող փակ դատական գործընթացները, որոնց չեն թույլատրվում մասնակցել իրավապաշտպաններն ու լրագրողները։ Այս հանգամանքները քննադատության են արժանանում և կասկածի տակ են դնում վստահության և հումանիտար միջոցառումների վերաբերյալ պայմանավորվածությունների լիարժեք իրականացումը։

Ներկայումս Հայաստանը վառելիքի ավելի քան 60 տոկոսը ներմուծում է Ռուսաստանից՝ 2024 թվականին 230 000 տոննա բենզին և 175 000 տոննա դիզելային վառելիք, իսկ մնացածը մատակարարվում է Իրանից, Ռումինիայից, Մալթայից և Թուրքիայից։

Վերլուծաբանները նշում են, որ առևտրային ուղիների բացումը կարող է նպաստել վստահելի առևտրային կապերի ձևավորմանը և Հարավային Կովկասում առևտրի ընդլայնմանը՝ կապելով Հայաստանը, Ադրբեջանը և հարևան երկրները վերակենդանացված տրանսպորտային և էներգետիկ ուղիների միջոցով։ Սակայն առանց հումանիտար հարցերի լուծման և մարդու իրավունքների ոլորտում պարտավորությունների կատարման նման քայլերը մնում են թերի և չեն երաշխավորում կայուն խաղաղություն»։

 

Տեսանյութեր

Լրահոս