ԿԲ նախագահն անդրադարձավ հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների աճի պատճառներին

ՀՀ կենտրոնական բանկը հիփոթեքային վարկերի տոկոսների սպեկուլյատիվ աճի միտումներ չի տեսնում: Այս մասին դեկտեմբերի 16-ի ասուլիսում հայտնեց կառույցի ղեկավար Մարտին Գալստյանը:

Անդրադառնալով հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների՝ վերջին ամիսներին նկատվող աճի պատճառների մասին հարցին՝ ԿԲ նախագահը նշեց.

«Կենտրոնական բանկը ֆինանսական կայունության վերաբերյալ իր վերջին զեկույցներում նշել է, որ կան ռիսկեր, որ անշարժ գույքի շուկայում առկա է որոշակի գերտաքացվածություն: Խոսքն այն մասին է, որ տարբեր մոդելներով նայելիս տեսնում էինք՝ տարբեր ծրագրերի, ներառյալ եկամտային հարկի վերադարձի ծրագրի իրականացման պատճառով անշարժ գույքի շուկայում ունեինք գների որոշակի աճ: Մեր մտավախությունն այն էր, որ գների արագ անկումը կարող է անցանկալի երևույթներ առաջացնել տնտեսության մեջ: Բարեբախտաբար, տեսնում ենք, որ այդ ռիսկերը չեզոքանում են, այսինքն՝ գների ճշգրտումը տեղի է ունենում աստիճանաբար, ինչը մեր համար ամենացանկալի սցենարն է»:

Մարտին Գալստյանն ընդգծեց, որ այդտեղ տեսնում է ոչ թե սպեկուլյացիա, այլ ֆիզիկական անձանց համար հնարավորությունների ընձեռում, որոնցից վերջիններս օգտվել են:

«Այսինքն, մարդը, որն ուներ մեկ կամ մի քանի բնակարան, տեսել է, որ կա հնարավորություն եկամտային հարկի վերադարձի ծրագրով ունենալ երրորդը ու չի խորշել դրանից: Այդտեղ սպեկուլյացիայի որևէ տարր չկա: Մենք ունենք նորմատիվներ, որոնք վերաբերում են վարկ-գրավ հարաբերակցությանը ու շատ կոշտ են: Այդ առումով ինձ համար դժվար է ասել, որ կան ինչ-որ ընկալումներ, որ բանկերն անում են այն, ինչ չպետք է անեն»,- հայտնեց նա:

Մարտին Գալստյանը խոստացավ լրագրողների հետ հաջորդ հանդիպման ժամանակ ավելի մանրամասն անդրադառնալ թեմային:

Տեսանյութեր

Լրահոս