Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մի շարք արտախորհրդարանական ընդդիմադիր ուժեր պարբերաբար հանդիպումներ են ունենում՝ քննարկելու համապետական ընտրություններին ընդառաջ իրենց անելիքները։ Մեր տեղեկությունների համաձայն՝ այդ ուժերն են «Հայ ազգային կոնգրես»-ը (ՀԱԿ), «Սասնա ծռեր»-ը, «Ապրելու երկիր»-ը, «Նժար» սահմանադրական շարժումը, «Հաղթանակ» կուսակցության նախագահ, քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանը եւ այլք։
«Մենք շատ ավելի մեծ թվով մարդկանց ու քաղաքական ուժերի հետ ենք հանդիպում։ Կարծում եմ՝ ճիշտ չի լինի հիմա անուններ հրապարակելը ու հանդիպումներից մանրամասներ հայտնելը», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց «Նժար» սահմանադրական շարժման առաջնորդ Նինա Կարապետյանցը՝ հավելելով, որ ավելի ողջամիտ է գտնում այս իրավիճակում լռություն ու հանգստություն պահպանելը։ Կարապետյանցը հանդիպումներից միայն նշում է, որ բազմաթիվ հարցերում ընդհանուր հայտարարի են եկել այն բոլոր ուժերի հետ, որոնք իսկապես արժեհամակարգ կրող են, պատկերացում ունեն, թե ինչպիսի փոփոխված, զարգացած, անվտանգ Հայաստանում կարող են ապրել։ Մեր այն հարցին, թե քննարկում ունեցել են նոր ձեւավորված «Միասնության թեւեր» շարժման առաջնորդ Արման Թաթոյանի հետ, Կարապետյանցը չպատասխանեց։ «Միասնական թեկնածուի մասին առայժմ վաղ է խոսել։ Միայն կարող եմ ասել, որ «Նժար»-ի կողմից իմ թեկնածությունն են առաջարկել», – գաղտնազերծեց Կարապետյանցը։
Ինչպես հայտնի է, ընդդիմադիր դաշտում են դիրքավորված նաեւ «Մեր ձեւով» շարժումը, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, որը թերեւս նույն ձեւաչափով կմասնակցի:
Թե էլ ինչ նոր ուժեր ի հայտ կգան, վաղ է ասել»։
