Բաժիններ՝

Թաիլանդի վարչապետը դեմ է Կամբոջայի հետ հրադադարին

Թաիլանդի վարչապետ Անութին Չարնվիրակուլը նշել է, որ Կամբոջայի հետ հրադադար չի լինի։

«Թաիլանդի դիրքորոշումը ստատուս քվոյի պահպանումն է։ Ոչ մի հրադադար», –  ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, գրել է Անութին Չարնվիրակուլը։

Դեկտեմբերի 8-ին Կամբոջայի և Թաիլանդի միջև վերսկսված բախումների համար կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին։

Կամբոջայի նախկին առաջնորդ Հուն Սենն ասել է, որ իր երկիրը 24 ժամ սպասել է հրադադարի պահպանմանը նախքան գիշերը թաիլանդական ուժերի դեմ հակագրոհներ սկսելը։

Թաիլանդում զինվորական պաշտոնյաները հայտնել են, որ բախումներ են տեղի ունեցել հինգ սահմանային նահանգներում, և շուտով կավարտվի կամբոջացի զինվորներին վտարելու համար Տրատ նահանգում ռազմածովային ուժերի գլխավորած գործողությունը։ Նրանք նշել են, որ Կամբոջան օգտագործում է հրետանի, հրթիռային կայանքներ և ռումբեր նետող անօդաչու թռչող սարքեր՝ թաիլանդական ուժերի դեմ հարձակվելու համար։

Վերսկսված մարտերը ամենալուրջն են հուլիսին հրթիռների և ծանր հրետանու հնգօրյա մարտերից հետո, որի հետևանքով զոհվել էր 48 մարդ։  Լարվածությունը կողմերի միջև շարունակել է աճել նոյեմբերի 10-ին ականի պայթյունից թաիլանդցի զինվորի վիրավորումից հետո։

Կամբոջայի և Թաիլանդի վարչապետներ Խուն Մանեթը և Անութին Չարնվիրակուլը հոկտեմբերին Մալայզիայում ԱՍԵԱՆ-ի 47-րդ գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրել են համատեղ հռչակագիր, որը ձևակերպել է երկրների միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորման հետագա քայլերը: Կողմերն ընդգծել են, որ պարտավորվում են աջակցել լարվածության թուլացմանը, վստահության վերականգնմանը և փոխշահավետ հարաբերություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս