
Եկեք ծափահարենք նախագահ Թրամփին. Նիկոլ Փաշինյան
ՔՊ-ի 7-րդ համաժողովին Նիկոլ Փաշինյանը հերթով թվարկեց իր այս տարվա արտաքին շփումները, նշեց, որ արտաքին քաղաքականության արժեք են խաղաղությունը, անվտանգությունը, և շեշտեց, թե պաշտպանության ոլորտի իրենց քաղաքականությունները երբեք ավելի բազմազան չեն եղել:
«Մենք այսօր ռազմատեխնիկական համագործակցություն ենք ստեղծել բազմաթիվ երկրների հետ, միևնույն ժամանակ, շարունակում ենք գործակցել ՌԴ հետ, որի հետ մեր հարաբերությունների կարևորությունը դժվար է գերագնահատել: ՌԴ հետ մեր հարաբերությունները գտնվում են փոխակերպման փուլում, և թույլ տվեք համոզմունք հայտնել, որ դա կառուցողական փոխակերպում է: Այս հենքի վրա մենք գնալու ենք ՌԴ հետ մեր հարաբերություններն ամրացնելու ճանապարհով, և մեր քաղաքական երկխոսությունը շարունակելու է ակտիվ մնալ: Վերադառնալով պաշտպանության թեմային, իհարկե, պաշտպանունակ բանակ ունենալը մեր ռազմավարական խնդիրն է, և վերջին տարիներին բանակում այնպիսի բարեփոխումներ և զարգացումներ են տեղի ունեցել, որոնք աննախադեպ են ոչ միայն ծավալով, այլ նաև՝ բովանդակությամբ: Բանակի բարեփոխումների մեր ռազմավարության կարևորագույն նորություններից մեկն այն է, որ մենք որոշել ենք հրաժարվել թմբկահարելու երբեմնի տրամաբանությունից: ՀՀ բանակը զարգանում է լուռ և հետևողականորեն, բայց ռազմավարական, քաղաքական մակարդակում պետք է հստակ արձանագրենք, թե ինչ նպատակի համար է մեզ հարկավոր բանակը, քաղաքական ինչ խնդիր լուծելու համար է դա պետք, և այստեղ էլ հենվում ենք «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսության վրա»,- նշեց իզմ-եր չունեցող Փաշինյանը՝ շարունակելով ներկայացնել «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը:
««Իրական Հայաստան»-ի գաղափարախոսությունն ընդգծում է, որ մեզ համար հայրենիքը ՀՀ-ն է՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով, որի քաղաքական, այժմ արդեն՝ իրավական արտահայտումը 1991թ. Ալմա Աթայի հռչակագիրն է: Մենք պետք է հստակ արձանագրենք, որ այսօր և երբևէ ՀՀ բանակն այս՝ միջազգայնորեն ճանաչված իր տարածքից դուրս, որևէ խնդիր չունի և չի ունենալու: Մենք հենվում ենք Ալմա Աթայի հռչակագրով հաստատված մեր սահմանների անձեռնմխելիության տրամաբանության վրա՝ արձանագրելով, որ այդ սահմաններն անձեռնմխելի են թե՛ դրսից, թե՛ ներսից»,- նշեց Հայաստանի 200 և ավելի քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքը, Սև լճի մի մասը և «տարին տասներկու ամիս գլխին ձյուն ունեցող բարձունքները» ռազմական ճանապարհով վերադարձնելուն դեմ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի արձանագրմամբ՝ բանակը պաշտպանության ոչ թե առաջին, այլ վերջին բնագիծն է.
«Սահմանազատված սահմանն է անվտանգության երաշխիքը, ովքեր չեն հավատում սրան, թող գնան Կիրանց, որտեղ Ադրբեջանից ընդամենը 50-60 մետր հեռավորության վրա երեխաները դպրոց են գնում և ֆուտբոլ են խաղում: Ունե՞ն արդյոք նրանց ծնողներն անվտանգության մտահոգություններ, չունե՛ն, հակառակ դեպքում իրենց երեխաներին թույլ չէին տա դպրոց գնալ և ֆուտբոլ խաղալ Ադրբեջանի հետ սահմանից ընդամենը 50-60 մետր այս կողմ: Եթե Կիրանցի երեխաները 40 տարի առանց նորմալ դպրոցի և ֆուտբոլի դաշտի դիմացել էին, անվտանգության վախերի պարագայում էլի կդիմանային, բայց դիմանալու կարիք չկա, որովհետև կա խաղաղություն, և խաղաղությունը Կիրանցում է, խաղաղությունը Հայաստանում է»:
«Թրամփի ուղի» նախագծի համար Փաշինյանն առաջարկեց ծափահարել Դոնալդ Թրամփին:
Մանրամասները՝ տեսանյութում