
ԱՄՆ-ում 100 000 դոլար պարգև են խոստացել Չարլի Քըրքի սպանության կասկածյալի ձերբակալությանը հանգեցնող տեղեկության համար

ԱՄՆ իրավապահները հրապարակել են պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության կասկածյալի լուսանկարները և տեսանյութը։ Բացի այդ, հայտնաբերվել է սպանության ժամանակ օգտագործված հրացանը։
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Ըստ Հետախուզության դաշնային բյուրոյի և պետական պաշտոնյաների՝ չարագործը սեպտեմբերի 10-ին Օրեմում Յուտայի համալսարանի տարածք է ժամանել Չարլի Քըրքի մասնակցությամբ միջոցառումից րոպեներ առաջ։
Նա բարձրացել է շենքի տանիք և կրակել է Քըրքի վրա, երբ վերջինս մոտ 3000 հավաքվածների առջև պատասխանում էր ԱՄՆ-ում զանգվածային սպանությունների վերաբերյալ հարցի։
ՀԴԲ-ն 100 000 դոլար պարգև է խոստացել կասկածյալի ձերբակալությանը հանգեցնող տեղեկատվության համար։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սարսափելի հանցագործություն է անվանել Քըրքի սպանությունը և հայտարարել, որ նրան հետմահու կպարգևատրի Ազատության նախագահական մեդալով։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չեղարկել է իր ուղևորությունը Նյու Յորք, որտեղ պետք է մասնակցեր 2001 թ. սեպտեմբերի 11-ին «Ալ Քաիդա»-ի կողմից իրականացված ահաբեկչության տարելիցի միջոցառմանը և փոխարենը մեկնել է Յուտա՝ Քըրքի ընտանիքին տեսնելու և Քըրքի մարմինը նրա ընտանիքի հետ միասին ուղեկցելու նրա հայրենի Արիզոնա։