Եվրոպան պետք է ի վիճակի լինի հոգալ իր անվտանգության ու պաշտպանության համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Ստրասբուրգում տեղի ունեցած Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի օրակարգի կարեւոր իրադարձություններից մեկն ամենամյա բանավեճն էր Եվրամիության վիճակի վերաբերյալ, որի ընթացքում պատգամավորները հարցեր ուղղեցին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ նրա նախագահության օրոք մինչ օրս կատարված աշխատանքների և առաջիկա ծրագրերի վերաբերյալ։ 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան բանավեճի բացման խոսքում նշեց, որ աննախադեպ այս ժամանակներում ԵՄ-ին ավելի քան անհրաժեշտ են հստակություն եւ վճռականություն, հարկավոր է կառուցել Եվրոպա, որը պատասխանատու է իր անվտանգության համար:

«Երբ աշխարհն անդադար կրակի մեջ է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի և Գազայում սարսափելի իրավիճակի պատճառով, այս խորհրդարանը ցանկանում է, որ Եվրոպան հանդես գա նոր և համարձակ գաղափարներով», – նշեց ԵԽ նախագահը։ 

Ֆոն դեր Լայենը իր ելույթը սկսեց շեշտադրմամբ, որ սա պետք է դառնա Եվրոպայի անկախության պահը: Եվրոպական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ Եվրոպան պետք է ի վիճակի լինի հոգալ իր անվտանգության ու պաշտպանության համար, որոշի թե ինչպիսի հասարակությունում ու ինչ ժողովրդավարությամբ են եվրոպացիները ցանկանում ապրել, վերահսկի իր տնտեսությունը սնուցող տեխնոլոգիաներն ու էներգիայի աղբյուրները:  

Ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ ԵՄ-ն Ռուսաստանի դեմ 19-րդ պատժամիջոցների փաթեթն է պատրաստում և պետք է ռուսական վառելիքներից ավելի արագ հրաժարվի։ Անդրադառնալով Գազայում տիրող իրավիճակին՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ սովը երբեք չպետք է դառնա պատերազմի զենք: Նրա խոսքով՝ Եվրոպական հանձնաժողովը մտադիր է մասամբ կասեցնել առևտրի հարցերով ԵՄ-Իսրայել ասոցացման համաձայնագիրը։ 

Ֆոն դեր Լայենն իր զեկույցում խոսեց նաև տնտեսական նոր նախաձեռնությունների մասին՝ «Scaleup Europe Fund» ներդրումային հիմնադրամ, «Battery Booster» փաթեթ, «Quality Jobs Act» և աղքատության վերացման ռազմավարություն։ Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ հարաբերություններին՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահը նշեց, որ ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ ունի լավագույն համաձայնագիրը՝ առեւտրային պատերազմը կանխելու համար: 

Եվրոպական հանձնաժողովի նախագահի ելույթին հաջորդեցին ԵԽ քաղաքական խմբակցությունների արձագանքները: Եվրոպական Ժողովրդական կուսակցություն  (EPP) խմբակցության նախագահ Մանֆրեդ Վեբերը շնորհակալություն հայտնեց հանձնաժողովին ԵՄ պաշտպանությունը և միգրացիայի վերահսկումը ուժեղացնելու համար։ Սոցիալիստների և Դեմոկրատների Առաջադեմ Դաշինք (S&D) խմբակցության ղեկավար Իրատքսե Գարսիան իր ելույթի շեշտը հարցադրումով արեց, թե որտեղ է Եվրոպան, երբ Գազան մահանում է:

Պատրիոտներ Եվրոպայի համար (Patriots for Europe) խմբակցությունից Ժորդան Բարդելլան քննադատեց ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը՝ պնդելով, որ այն վնասում է ֆրանսիական արդյունաբերությանը։ Եվրոպական Պահպանողականների եւ Ռեֆորմիստների (European Conservatives and Reformists) խմբակցության ղեկավար Նիկոլա Պրոկաչինին՝ ի տարբերություն Բարդելլայի նշեց, որ ԱՄՆ-ի հետ մաքսային համաձայնագիրը «ավելի լավ է, քան դաշնակիցների միջև առևտրային պատերազմը»։

Թարմացվող Եվրոպա (Renew Europe) խմբակցության ղեկավար Վալերի Հայերը զգուշացրեց, որ ԵՄ-ն կորցնում է քաղաքացիների վստահությունը և կոչ արեց ավելի դաշնային Եվրոպայի շուրջ համախմբվել։  Կանաչների անունից հանդես եկող Բաս Էյքհաութը պահանջեց անհապաղ քայլեր Գազայի հարցում։ Ձախերի խմբակցության ղեկավար Մարտին Շիրդևան ԱՄՆ-ի հետ գործարքը անվանեց «լիակատար կապիտուլյացիա»։

Ինքնիշխան Ազգերի Եվրոպա (Europe of Sovereign Nations) խմբակցության ղեկավար Ռենե Աուստի խոսքով՝ Եվրոպան հետ է մնում ձեռնարկատիրական ազատության բացակայության պատճառով։ 

Տեսանյութեր

Լրահոս