
Այդ հարթակը, ըստ էության, «աղանդավորական քարոզի» հարթակ է. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրել է. «Տեղեկություն է Վաշինգտոնից, այն մասին, որ ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանը, որի եղբայրը վերջին օրերին հայտնվել էր հայտնի աղմկոտ պատմության մեջ, ԱՄՆ-ում հանդիպում է ունեցել pray.com կրոնական կայքի համահիմնադիր Մաթ Փոթթերի հետ:
Հաղորդագրության մեջ նշվում է, թե «հանդիպմանը քննարկվել են Հայաստանի հարուստ քրիստոնեական պատմությունը և ժառանգությունը Pray.cօm հարթակում ներկայացնելու հնարավորությունները»:
Իսկ ի՞նչ հարթակ է pray.com-ը: Հավաքական իմաստով այն կրոնական քարոզի հարթակ է: Պատկերացնելու համար կարող եք մուտք գործել կայք, եւ կամ՝ թերեւս նկատած կլինեք հատկապես հայաստանյան մարզային որոշ հեռուստաընկերությունների եթերում շատ ցուցադրվող քարոզները, ըստ էության այդօրինակ քարոզների հարթակ: Եթե այսպես ասած հայաստանյան ժողովրդական խոսակցությամբ բնորոշենք, ապա հարթակը ըստ էության «աղանդավորական քարոզի» հարթակ է:
Այն ստեղծվել է 2016-ին եւ ակտիվ գործունեություն սկսել 2017-ին:
Նկատենք, սա ըստ էության Դոնալդ Թրամպի նախագահական պաշտոնամուտի շրջանն է: Եթե դիտարկում ենք կայքի համահիմնադիրներին, ապա զարմանալիորեն, նրանք բոլորը այսպես ասած բիզնեսի եւ ԱյԹի տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ են: Այսինքն, անկասկած է, որ գործ ունենք ոչ թե պարզապես քրիստոնեական մղումներով նախաձեռնության, այլ բավականին մշակված ռազմավարության հետ: Հակված եմ մտածել, որ կայքը գործիքներից մեկն է, որով սպասարկվում է ԱՄՆ-ում պահպանողական քաղաքական թեւի դավանաքաղաքական հավակնությունները: Իսկ մենք գիտենք, որ հատկապես Թրամպի երկրորդ պաշտոնավարման թիմը դավանական բաղադրիչին տալիս է շատ մեծ նշանակություն:
Երբ այդ ամբողջը համադրում ենք, ապա խիստ հատկանշական է դառնում, որ Նահանգներում Հայաստանի նոր դեսպանի գործունեության մասին առաջին հաղորդագրությունը փաստորեն կրոնական կայքի համահիմնադրի հետ հանդիպման մասին է: Իսկ այստեղ ես ուզում եմ ձեզ հիշեցնել, հարգելի հետեւորդներ, որ Նարեկ Մկրտչյանի նշանակման առիթով դեռեւս շաբաթներ առաջ կարծիք եմ հայտնել, որ նրա նշանակման այսպես ասած բուն խողովակը թերեւս կրոնական կազմակերպություններն են, որ ստեղծված են ԱՄՆ-ում եւ իհարկե գործունեություն են ծավալում տարբեր երկրներում:
Հանգամանքը, որ նորանշանակ դեսպանը ըստ էության առնվազն հաղորդագրության մակարդակով առաջին հանդիպումը ունենում է հենց կրոնական նախաձեռնության համահիմնադրի հետ, եւս մեկ անգամ հաստատում է դեռեւս նրա պաշտոնական նշանակման առնչությամբ շաբաթներ առաջ արված դիտարկումս:
Եվ ի դեպ, թերեւս սրանով հաստատվում է նաեւ իմ այն դիտարկումը, որ ՀԱԵ ղեկավարության նկատմամբ Նիկոլ Փաշինյանի արշավի «հիմքում» ոչ թե պետք է փնտրել Թուրքիա կամ Ադրբեջան, այլ հենց վերը հիշատակածս կրոնական շրջանակների «հետքը», որովհետեւ այստեղ գործ ունենք քաղաքական էական շերտերի հետ»։