«Հո լուսնի՞ց չենք իջել, իրենց ձեռքը չէ՞, ինչ ուզում, այն էլ անում են, այդ տղան պետք է դատվի». Փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայր

Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Հարություն Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքով։ Այս մասին երեկ հայտնել էր նրա փաստաբան Լևոն Սահակյանը։

2019-ի սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում ծեծի ենթարկված և 2023 թվականի ամռանը մահացած ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը՝ Սամվել Մխիթարյանը, երեկ դատարանում է եղել, երբ նման որոշում է կայացվել, ասում է՝ անպայման բողոքարկելու են, սակայն վստահ է՝ դատարանը որևէ բան չի փոխելու։

«Ինչ ասեմ, մենք հո լուսնի՞ց չենք իջել, իրենց ձեռքը չէ՞, ինչ ուզում, այն էլ անում են։ Այդ տղան պետք է դատվի, հոկտեմբերի 15-ին նորից դատական նիստ է նշանակված, որ տնային կալանք տվեցին, սա չի նշանակում, որ ինքն անմեղ է, կամ պետք է չդատվի»,- 168.am հետ զրույցում նշեց Սամվել Մխիթարյանը։

Փոխգնդապետի հայրը դեռ լուռ սպասում է, թե, ի վերջո, այս գործով ինչ եզրահանգման է գալու դատարանը, թեպետ ակնկալիքները մեծ չեն։

Կարդացեք նաև

«Հիմա եթե խափանման միջոցը բողոքարկենք, մինչև քննեն և այլն, կգա հոկտեմբերի 15-ը։ Այս իշխանության օրոք ես արդարադատություն չեմ սպասում, եթե լիներ արդարադատություն, այդ մարդն առնվազն 10 տարով պետք է նստեր։ Բայց քանի որ արդարադատություն չկա, իրենք ինչ ուզում, այն էլ անում են։ Երբ սրանք չլինեն իշխանության, այն ժամանակ էլ կլինի արդարադատություն»,- ընդգծեց Սամվել Մխիթարյանը։

Նշենք, որ մոտ 2 ամիս առաջ Սամվել Մխիթարյանը 168.am հետ զրույցում ասել էր, որ դատական նիստերից մեկի ժամանակ տեղեկացել է, որ այս պահին գործով միակ կալանավորված Հարություն  Գրիգորյանը քրեակատարողականից արդեն 2 անգամ արձակուրդ է գնացել տուն։

Հիշեցնենք, 2019 թվականի սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում դաժան ծեծի հետևանքով մի քանի տարի կոմայի մեջ մնալուց հետո 2023-ին մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով միակ դատապարտյալը` նախկին մարզպետ, այժմ ՔՊ պատգամավոր Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն  Գրիգորյանը, պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել նախորդ տարի փետրվարին, այնուհետև նորից ազատազրկվել էր։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), ինչպես նաև նույն օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ): Նրա եղբորը՝ Զավեն Գրիգորյանին, մեղադրանք էր առաջադրվել միայն 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Երկու եղբայրներն էլ իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել: Դեպքի հետ կապվում էր նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը:

Դեպքի ժամանակ ներկա եղած սպաները ցուցմունք էին տվել, որ նա ներկա է եղել և անգործություն է դրսևորել, նրանք իրենց ցուցմունքները պնդել էին նաև առերես հարցաքննության ժամանակ: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախկին մարզպետը 2019-ի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Չնայած դրան, միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից, այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։

Տեսանյութեր

Լրահոս