Թրամփը չի հասկանում՝ ինչպես է մեր միջուկային նավատորմն աշխատում. Ջոն Բոլթոն

«Թրամփն իսկապես չի հասկանում՝ ինչպես է մեր միջուկային նավատորմն աշխատում, և որն է նրանց օպերացիոն պլանը»,- CNN-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ի պատասխան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր պատերազմի մասին Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունների՝ ավելի վաղ ասել էր, որ ամերիկյան միջուկային սուզանավերը տեղակայվել են Ռուսաստանի մերձակայքում։ Անդրադառնալով այս հարցին՝ ԱՄՆ նախագահն ասել է, որ ԱՄՆ միջուկային սուզանավերն ավելի մոտ են Ռուսաստանին:

Բոլթոնը հիշեցրել է, թե ինչ պաշտոն է հիմա զբաղեցնում Մեդվեդևը, և շեշտել՝ եթե անգամ ԱՄՆ-ից որևէ մեկը պետք է պատասխաներ նրան, ապա, վստահաբար, դա չպետք է ԱՄՆ նախագահը լիներ:

«Թրամփը գուցե չի հասկանում, և Կրեմլում կարող է սխալ մեկնաբանվել այն, թե ինչպես են մեր միջուկային սուզանավերի բալիստիկ հրթիռներն աշխատում և ծառայում՝ որպես մեր երկրորդ հարվածային կարողություն՝ միջուկային պատերազմի պարագայում»,- ասել է նա:

Կարդացեք նաև

««Օհայո» դասի սուզանավերը, որոնք կրում են բալիստիկ հրթիռներ, չեն կանգնում նավահանգստում։ Դրանք գտնվում են բարդ, ակնհայտորեն խիստ գաղտնի գրաֆիկով՝ այսպես կոչված, երկարաձգված զսպման պարեկային գործողությունների շրջանակներում։ Այս պահին դրանց բավարար քանակություն կա՝ ռուսական միջուկային հարձակմանը հակահարված տալու համար։ Ահա թե ինչու դրանք ոչ մի տեղ գնալու կարիք չունեն, նրանք արդեն այնտեղ են, և, հուսանք, աննկատելի կլինեն»,- ասել է նա՝ շեշտելով, որ Թրամփի հայտարարությունը նշանակում է, որ նա չի հասկանում, թե ինչպես է ԱՄՆ միջուկային նավատորմն աշխատում:

The New York Times-ը գրել էր, որ միջուկային սուզանավերի տեղաշարժը Պենտագոնի ամենագաղտնի գործողություններից մեկն է, ուստի հայտնի չէ, թե արդյոք ԱՄՆ նախագահն իրականում սուզանավերն ուղարկե՞լ է Ռուսաստան, թե՞ պարզապես հայտարարություն է արել։ Թերթը հիշեցնում է, որ ռազմավարական սուզանավերը կարող են հարվածել հազարավոր կիլոմետր հեռավորությունից, և դրանց վերատեղակայումը միայն կարող է բացահայտել դրանց գտնվելու վայրը։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս