«Նիկոլ Փաշինյանին կաշկանդող որևէ բան կա՞, ինչո՞ւ նման գործընթացներ չպետք է նախաձեռնի». Անահիտ Ավանեսյան

Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեցին՝ իշխանությունն ինչպե՞ս է, օրինակ, մասնակցելու «Սուրբ կանոնագրքի» փոփոխությանը, որի մասին գրառում էր կատարել Նիկոլ Փաշինյանը։
Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, թե Նիկոլ Փաշինյանը նույն գրառման մեջ շատ հստակ նշել է՝ ավելին մեկնաբանելու բան չունի։

«Այստեղ իշխանության հարց չէ, և նա այս մասով էլ շատ հստակ ու կոնկրետ տվել է պատասխաններ, որ սա իշխանության խնդիր չէ։ Խնդրեմ, նորից կարող եք կարդալ, այնտեղ ամեն ինչ ասված է»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։

Հարցին՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հանդես գալիս նման նախաձեռնությամբ, Անահիտ Ավանեսյանը հարցով պատասխանեց.
«Իսկ ինչո՞ւ չպետք է նախաձեռնի, հարց եմ տալիս՝ կա՞ արդյոք կաշկանդող բան, չկա, և ինչո՞ւ չպետք է նախաձեռնի։

Նորից եմ կրկնում՝ սա լիազորությունների հարց չէ, և ասուլիսի ժամանակ էլ վարչապետը հստակ ներկայացրել է իր ողջ թեզերը՝ սպառիչ պատասխաններով։ Հարցնում եմ՝ իսկ ինչո՞ւ չպետք է նախաձեռնի, կա արդյո՞ք որևէ բան, որ կաշկանդում է՝ ոչ»։

Կարդացեք նաև

Լրագրողի դիտարկմանը՝ եկեղեցին ու պետությունն անջատ են, Անահիտ Ավանեսյանը նկատեց՝ այո, իհարկե, և Նիկոլ Փաշինյանն էլ հանդիսանում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ և ունի ամբողջ իրավունքները, նաև հնարավորություններն արտահայտելու իր կարծիքը, նախաձեռնելու այն, ինչ նախաձեռնում է։
Լրագրողը նաև մեջբերեց Նիկոլ Փաշինյանի գրառումից մեկ հատված, որ՝ «իմ առաջնորդությամբ ազատագրելու եմ Վեհարանը», Անահիտ Ավանեսյանը լսեց մեջբերումը և հարց տվեց՝ «ի՞նչն է սխալ անում՝ շատ ճիշտ է անում»։

«Նիկոլ Փաշինյանը որևէ լծակ չի օգտագործում, մեջբերումները ճիշտ արեք»,- շեշտեց նա։
Ճշտող հարցին՝ օրինակ, ի՞նչ մեթոդներով են պատրաստվում «ազատագրել» Վեհարանը, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, թե այդ թեմայով արդեն տվել է սպառիչ պատասխան։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս