Այո, ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Ղարաբաղն՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսի ընթացքում tribune.am-ի ներկայացուցիչը հիշեցրեց, որ, երբ նա դարձավ վարչապետ, հայտարարեց, որ Արցախի հարցի շուրջ բանակցելու մանդատ չունի, չունի նաև դրա քաղաքական և բարոյական իրավունքը, ինչն ունեն Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, սակայն հետո Փաշինյանը մեկ էլ դարձավ Արցախի տերը և այն ճանաչեց Ադրբեջանի կազմում: Լրագրողի մյուս հարցը վերաբերում էր sms-ներով պաշտոնազրկումներին և նրան, որ մի օր Փաշինյանը կարող է որոշել, որ Աստծուն փոխարինելու ժամանակն է, և առաջադրի Ալլահի թեկնածությունը:

Նիկոլ Փաշինյանը նախ արձագանքեց, որ Աստված որդի ունի, որի անունը Հիսուս Քրիստոս է, և քրիստոնեական ամբողջ ուսմունքը կառուցված է դրա վրա, և Նոր կտակարանը հենց դրա մասին է:

«Հիսուս Քրիստոսն ինձ համար բացարձակ արժեք է: Իմ կյանքը փոխվել է այն ժամանակ, երբ բացել եմ Նոր կտակարանի առաջին էջը»,- շեշտեց նա:

Այստեղից Փաշինյանը սահուն անցում կատարեց դատական համակարգին, և հարց տվեց՝ ի՞նչ չի անում ինքը, որ ՀՀ-ում դաստական համակարգը գործի այնպես, որպեսզի արդարություն և արդարադատություն տերմինները համապատասխանեն ժողովրդի ընկալումներին և պատկերացումներին, հատկապես, երբ ժողովուրդը սահմանադիրն է, այսինքն, դատական իշխանության տերն է նաև:

Կարդացեք նաև

«Մեր դատական արդարադատության ամենամեծ պրոբլեմն այն է, որ օրգանական կապ չունի ժողովրդի հետ: Եվ սա է պատճառը, որ ես համոզված եմ՝ նոր սահմանադրության համատեքստում պետք է անպայման ներդնենք ատենակալների ինստիտուտը»,- ասաց նա:

Անդրադառնալով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մեղադրանքին, Նիկոլ Փաշինյանը նշեց՝ շատ են ասում, թե  2022 թվականի հոկտեմբերի 6-ին ինքը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը:

«Ես չեմ կարող ասել, որ դա այդպես չէ, բայց դա ճշմարտության մի հատվածն է, և այն էլ՝ ոչ օբյեկտիվ: Չնայած, այո, ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Ղարաբաղն՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ»,- ընդգծեց նա՝ հիշեցնելով, որ ժամանակին դիմել են ՀԱՊԿ-ին, նաև ՀԱՊԿ գործընկերներին ներկայացրել իրենց մտահոգությունները, որ կարող է լինել հարձակում Հայաստանի դեմ, որտեղից հավաստիացում էին ստացել՝ ՀՀ սահմանը կարմիր գիծ է ՀԱՊԿ-ի համար, բայց երբ արդեն 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի համատեքստում ոչ պաշտոնապես դիմել են, ստացել են անսպասելի պատասխան՝ ՀՀ սահմանը հստակեցված չէ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս