
Բաքվի դատարանը մերժել է Sputnik-ի աշխատակիցների կալանքը փոխելու միջնորդությունը

Բաքվի դատարանը մերժել է ռուսական Sputnik լրատվական գործակալության ադրբեջանական ծառայության ղեկավար Իգոր Կարտավիխի և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովի խափանման միջոցը փոխելու մասին փաստաբանների բողոքարկումները։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հունիսի 30-ին ադրբեջանական իշխանությունները գործողություններ էին իրականացրել «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության Բաքվի գրասենյակում, ինչի արդյունքում ձերբակալվել էր մի քանի մարդ, որոնց թվում և՝ Իգոր Կարտավիխը ու Եվգենի Բելոուսովը:
Մեկ օր անց դատարանը նրանց 4 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։ «Sputnik Ադրբեջան»-ի՝ ադրբեջանական քաղաքացիություն ունեցող ևս հինգ աշխատակից հուլիսի 3-ին կալանքից ազատ են արձակվել՝ երկրից դուրս չգալու պայմանով։
Ադրբեջանական կողմի գործողությունները հետևել էին Ռուսաստանի քննչական մարմինների կողմից Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալություններին։ Այդ ադրբեջանցիները, ըստ ՌԴ իրավապահների տարածած հաղորդագրությունների, ներգրավված են սպանությունների և սպանության փորձերի մի շարք միջադեպերում, որոնք Եկատերինբուրգի տարածքում կատարվել են 2001, 2010 և 2011 թվականներին։ Ձերբակալվածներից երկուսը մահացել էին։
Ռուսաստանի ԱԳՆ-ն իր մոտ էր կանչել Ադրբեջանի դեսպանին ու ռուսական կողմի բողոքը հայտնել Բաքվի ոչ բարեկամական գործողությունների առնչությամբ։