
Հայաստանում սրվող քաղաքական ճնշումները բացահայտում են մտահոգիչ օրինաչափություն՝ անհատները դառնում են հետապնդման թիրախ իրենց դիրքորոշումների պատճառով. Մամիկոն Ասլանյան

Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Լռելով ու անտարբերությամբ համակերպվել այս ամենին` նշանակում է կույր ձևանալ ու դառնալ մեղսակից.
Հայաստանում սրվող քաղաքական ճնշումները բացահայտում են մտահոգիչ օրինաչափություն՝ անհատները դառնում են հետապնդման թիրախ ոչ թե հանցագործությունների, այլ իրենց դիրքորոշումների և անհատականության պատճառով:
Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող ճնշումները այդ օրինաչափության շարունակությունն են: Նրա գործունեությունը վաղուց դուրս է եկել գործարարական և ներհայաստանյան քաղաքական գնահատումների սահմաններից: Հիմա փորձ է արվում չեզոքացնել պետական վերահսկողությունից դուրս`անկախ ու հեղինակավոր գործչի` կիրառելով ավանդական, սակայն դեռևս գործուն մեթոդներ:
Ինքս (բազմաթիվ բախտակից ընկերների հետ), անցնում եմ այդ բռնաճնշումների ճանապարհով և էական տարբերություն չեմ տեսնում նախորդ ժամանակաշրջանի գործելաոճի և Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվող մեթոդների միջև: Ձեռագիրն ու նպատակը նույնն են՝ մեկուսացնել, նսեմացնել, լռեցնել և ցուցադրական «դաս» տալ հասարակությանը` վախ ու տագնապ սերմանելու ակնկալիքով։
Այս երևույթների դեմ պայքարը հանուն արժանապատվության ու արդարության է։ Հանրային լայն աջակցությունը պետք է բխի այն խոր համոզմունքից, որ նման գործելաոճը, եթե այսօր չկանգնեցվի, վաղը կշարունակվի նոր անուններով։
Ես ևս առավոտյան 11.00-ին լինելու եմ Զվարթնոց տաճարի հարակից հատվածում` ընկերներիս հետ երթով գնալու Մայր Աթոռ` աջակցելու Եկեղեցուն և սատարելու Սամվել Կարապետյանին։
Վաղը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը, որն այս դժվարին օրերին լրացուցիչ իմաստավորում է ստանում»: