«Այս պահին թե՛ Իրանում, թե՛ Իսրայելում հայերի շրջանում զոհեր և վիրավորներ չկան, Հայաստան տեղափոխվելու ցանկություն որևէ մեկը չի հայտնել». Նելլի Ղուլյան

Արդեն 4-րդ օրն է՝ Իրանն ու Իսրայելը պատերազմական գործողությունների մեջ են, երկուստեք կան հսկայական ավերածություններ, մարդկային զոհեր, սակայն ռազմական այս գործողության ավարտը դեռևս չի երևում։

Իսրայելի վարչապետն էլ հայտարարել է, որ Իրանի դեմ հարձակումը սկսել է, որպեսզի չեզոքացնի իրանական միջուկային և բալիստիկ հրթիռների սպառնալիքը։

Ե՛վ Իրանում, և՛ Իսրայելում ապրում են բազմաթիվ հայեր, գործում են հայկական մեծ համայնքներ:

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի խոսնակ Նելլի Ղուլյանը 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով Իսրայելում ու Իրանում հայ համայնքի ընդհանուր վիճակից, փոխանցեց, որ մշտապես կապի մեջ են համայնքային պատասխանատուների հետ։

Կարդացեք նաև

«Այս պահին թե՛ Իրանում, թե՛ Իսրայելում հայերի շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղակատվություններ չկան։ Թեհրանում միայն վնասվել է «Հայկական ալիք» օրաթերթի խմբագրատունը։

Իսրայելում մարդիկ հիմնականում գտնվում են հատուկ ապաստարաններում, իսկ Իրանում մարդիկ հիմնականում իրենց տներում են»,- նշեց Նելլի Ղուլյանը։

Նա նաև փոխանցեց, որ երբեմն կապի, ինտերնետի խնդիրներ են լինում, սակայն կարողանում են տարբեր միջոցներով կապը հայկական երկու համայնքների հետ պահել։

«Այս պահին Իրանի ու Իսրայելի հայկական համայնքներից որևէ մեկը ցանկություն չի հայտնել Հայաստան տեղափոխվելու։

Նաև այս պահին որևէ աջակցության խնդրանքով մեզ չեն դիմել»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը սկսվել է ուրբաթ օրը՝ լուսադեմին։ Սպանվել են Իրանի բարձրաստիճան մի խումբ զինվորականներ։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը պատերազմ չի փնտրել և չի սկսել։

«Մենք չենք սպանել երկրի բարձրաստիճան զինվորականներին և գիտնականներին, այլ այս ահաբեկիչներն են սպանել։

Մենք ագրեսորներ չենք։ Այսօր մեզ, ավելի քան երբևէ, անհրաժեշտ է միասնություն և համերաշխություն, և ամբողջ Իրանի ժողովուրդը պետք է միավորվի և վճռականորեն դեմ լինի ագրեսիային»,- ասել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս