
«Եթե ուզում էիք արդյունքի հասնել, պետք է կենտրոնանայիք 24 ամսվա ծառայության վրա. Տիգրան Աբրահամյան
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց և բացասական եզրակացության արժանացավ ՔՊ-ական Հայկ Սարգսյանի ներկայացրած օրենքի նախագիծը՝ ժամկետային զինծառայության ժամկետը գումարով կրճատելու կամ գումարի դիմաց ժամկետային զինծառայությունից ազատվելու վերաբերյալ։
Խոսելով նախագծի մասին՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշեց, որ պարտադիր ժամկետային ծառայության գրավչությունը բացառապես թվային բովանդակության մեջ չի ներկայացված, բայց կարծում է՝ իրական արդյունք ունենալու համար պետք էր կենտրոնանային ժամկետային 24 ամսվա զինծառայության վրա, այդ ցիկլով անցած մարդկանց, պայմանական ասած՝ արտոնություններ սահմանելու վրա։
«Մեկը դրա անունը կդնի բանկային արտոնություններ, մեկը՝ պետական ծառայությունում որոշակի կարգավիճակի ընդգծում, և այլն։
Երբ նշվում է, որ ժամկետային ծառայությունն ըստ էության իր հետ բերում է միայն էմոցիաներ և վերջում՝ զորացրումից հետո՝ համազգեստ, իրականում ես դա այդպես չեմ համարում։ Կարծում եմ՝ այդպես համարելն է, որ հավաքական առումով մեզ բերում է այս իրականության խեղաթյուրումը։ Իմ օրինակը բերեմ, որ պարտադիր ժամկետային ծառայության անցնելն ամբողջությամբ իմ կյանքի քաղաքական և, ոչ միայն քաղաքական, կարիերան է ապահովել։ Եթե ես այս ծառայությունը չանցնեի, ապա բոլորովին այլ կենսագրություն կունենայի»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում