
Կրեմլում արագ արդյունքներ չեն ակնկալում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններում

Ռուս-ամերիկյան հարաբերություններում բազմաթիվ «խոչընդոտներ» են կուտակվել, բայց երկխոսությունը վերսկսվել է և կշարունակվի, թեև արագ արդյունքներ չարժե ակնկալել: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։«Խոչընդոտները բազմաթիվ են երկկողմ հարաբերություններում։ Դժվար թե հնարավոր լինի որևէ արագ արդյունքի հույս ունենալ», – հունիսի 11-ին ասել է Պեսկովը լրագրողներին։
«Սակայն նման բարդ փուլային աշխատանքն սկսվել է և շարունակվելու է», – հավելել է նա։Այսպես է նա մեկնաբանել հաղորդագրություններն այն մասին, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն շուտով կանցկացնեն բանակցությունների նոր փուլ՝ իրենց հարաբերություններում կնճռոտ հանգամանքները վերացնելու համար։ Ըստ հրապարակման՝ նոր հանդիպումը կկայանա Մոսկվայում։
Կրեմլի ներկայացուցչին նաև հարցրել են, թե արդյոք Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունն ընդհատվել է ուկրաինական խնդրի պատճառով։
«Ոչ, երկխոսությունը շարունակվում է, այս ամենն իրականացվում է դիվանագիտական գերատեսչությունների կողմից՝ նախագահ Պուտինի և նախագահ Թրամփի միջև ձեռք բերված ըմբռնումների շրջանակներում», – նշել է նա։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ կնճռոտ հարցերի վերացման շուրջ ՌԴ-ԱՄՆ խորհրդակցությունների երրորդ փուլը տեղի կունենա շատ շուտով: