
Իլոն Մասկը կարող է աջակցել դեմոկրատներին. NBC

Ամերիկյան քաղաքական դաշտում սրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և աշխարհի ամենահարուստ մարդու՝ Իլոն Մասկի միջև բացահայտ հակամարտությունը, որն արդեն դարձել է ոչ միայն հանրային, այլև հնարավոր ֆինանսական և քաղաքական կուրսերի վերաիմաստավորման պատճառ։ Ինչպես հայտնում է NBC News-ը, Մասկի՝ նախկինում հանրապետականներին տրամադրվելիք ֆինանսական աջակցությունը կանգ է առել, իսկ միլիարդատերը դիտարկում է ծայրահեղ քայլեր, այդ թվում՝ դեմոկրատներին աջակցելը։
Մասկի մերձավոր խորհրդականի փոխանցմամբ՝ եթե անհրաժեշտ լինի, նա անպայման կաջակցի դեմոկրատներին։
Թեև միլիարդատերը նախկինում միանշանակ չէր իր քաղաքական դիրքորոշումներում, սակայն վերջին զարգացումները սրում են նրա հարաբերությունները Թրամփի թիմի հետ։ Դեմոկրատական կուսակցության մի ներկայացուցիչ այս իրավիճակը մեկնաբանել է որպես պարզապես մի մեծ տոն՝ նկատի ունենալով ներքին ճգնաժամը Թրամփի և Մասկի հարաբերություններում։
NBC-ի բնորոշմամբ՝ Հանրապետական կուսակցությունը ներկայում «հիշեցնում է այն երեխաներին, որոնք հայտնվել են ամուսնալուծության գործընթացում գտնվող ծնողների միջև»։
Կուսակցության մի շարք կոնգրեսականներ լրատվամիջոցին հայտնել են, որ հանրապետականները պետք է զգուշանան՝ Մասկի հետ փոխհրաձգության մեջ չմտնելու համար։
Նրանց միջև այս հրապարակային վեճն անմիջական հետևանք է ունեցել բորսայում․ երկու գործարարների ղեկավարած ընկերությունների՝ Tesla-ի և Trump Media-ի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են։