
Նանտ քաղաքը կասեցնում է հարաբերությունները Թբիլիսիի հետ

Ֆրանսիական Նանտ քաղաքը, որը 1979 թվականից ի վեր Թբիլիսիի հետ եղբայրական քաղաք է համարվում, «ժամանակավոր» դադարեցնում է իր 49-ամյա գործընկերությունը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Նանտը որոշել է «սառեցնել» հարաբերությունները, չնայած նշել է, որ շարունակում է «աջակցել վրաց շահագրգիռ կողմերին Նանտի ասոցիացիաների և քաղաքացիական հասարակության միջոցով»։
Նանտ քաղաքի հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ կարդում ենք, որ նրանք մտահոգված են «Վրաստանում տիրող քաղաքական իրավիճակով և կիրառվող ճնշումներով, որոնք հանգեցրել են բազմաթիվ ցույցերի 2024 թվականի դեկտեմբերից ի վեր»։
Մամուլի հաղորդագրության մեջ նաև նշված է, որ Նանտ քաղաքը տեղեկացել է, որ «Թբիլիսի քաղաքի միջազգային հարաբերությունների վարչության մի քանի պետական ծառայողներ, որոնց հետ նրանք աշխատել են երկար տարիներ, ազատվել են աշխատանքից»։
Եռակողմ բարեկամական համաձայնագիրը ստորագրվել էր Նանտի, Թբիլիսիի և Գերմանիայի Սաարբրյուկեն քաղաքների միջև։ Հարաբերությունները հնարավորություն են տվել աջակցելու այնպիսի նախագծերի, ինչպիսիք են՝ ֆրանսերենի դասավանդումը Թբիլիսիում, վրացական ավագ դպրոցի աշակերտների հյուրընկալումը, համերգները և վրացական պարերի դասընթացները։
Ըստ մամուլի հաղորդագրության՝ հարաբերությունների կասեցումը կշարունակվի «մինչև համագործակցության պայմանները բավարարվեն»։