
Մարդիկ մի սելֆիի ձող ունեն, իրենց քաղաքական գործիչ են համարում. Գառնիկ Դանիելյան
Չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» ՀՀ ինքնիշխան տարածքում,-այս մասին այսօր «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ հայտարարեցՆիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ դրա քննարկումը Երևանի համար բացառված է։
Խոսելով ՀՀ Սահմանադրությունը փոխելուԲաքվիպահանջի մասին՝ Փաշինյանը շարունակեց, որ, եթե ՀՀ սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում Սահմանադրությանը, ապա այդ դեպքում ինքը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ:
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Փաշինյանի վերը նշված հայտարարությունների մասին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նախ ընդգծեց՝ այդ բոլոր հայտարարություններնինքը դիտարկում է նախընտրական տրամաբանության մեջ, հետևապես, Փաշինյանի ասածներն ընդամենըմարդկանց աչքերին թոզ փչելու համար են։
«Եկեք հիշեք, թե ի՞նչ հայտարարություններ էր անում այս մարդն Արցախի հետ կապված, բայց իրականում ի՞նչ արեց։ Նույն բանն է անում նաև հիմա, իսկ ի պատասխան Փաշինյանի, ադրբեջանական կողմն արդեն «Արևմտյան Ադրբեջանի» համար անձնագրեր է բաժանում իր ադրբեջանցիներին, խոսում Հայաստանում բնակեցվող 300 հազար ադրբեջանցիների՝ շատ երեխաներ ունենալու անհրաժեշտության մասին, որպեսզի վերջիններս նաև Հայաստանում դեմոգրաֆիական վիճակ փոխեն»,- ասաց Դանիելյանը։
Նրա խոսքով՝ արված հայտարարությունները մի կողմ դնելով՝ պետք է արձանագրել ընդամենը հետևյալը՝ ՀՀ իշխանությունը խաղաղության փոխարեն մարդկանց առաջարկում է փող՝ հողի դիմաց. դա արել է Կիրանցում, շարունակում է անել Տավուշի մյուս հատվածներում։
«Ի՞նչ «Խաղաղության պայմանագիր», Փաշինյանը գործարկում է «փող՝ հայրենիքի դիմաց» կոնցեպտը. քաղաքացուն ասում՝ ի՞նչ եք ուզում, կրակո՞ց, թե՞ փող, եթե փողից հրաժարվե՛ք, ուրեմն կստանաք կրակոց և կզրկվեք փողից։ Փաշինյանը հասարակությանը բաժանել է երկու մասի. մի գյուղում իրար ատող ընտանիքներ կան, մի ընտանիքում՝ իրար ատող հարազատներ։
Նույն Տավուշում ընտանիքի մի անդամը համաձայնել է Կառավարության տված փողը վերցնել և հրաժարվել իր գույքային պահանջից, մյուսը հրաժարվել է վերցնել. նույն տան անդամները թշնամացել են։ Տավուշում վիճակն այնպիսին է, որ մարդիկ ընդդիմադիրներինտեսնում, միայն մեկ հարց են տալիս՝ ե՞րբ եք սրան վռնդելու»,-ասաց Գառնիկ Դանիելյանը։
Վերջինս վստահեցրեց՝Փաշինյանը կհեռանա միայն այն ժամանակ, երբ Հայաստանում երկիշխանություն լինի, երբ փողոցում լինի ուժեղ ճնշում, հետևապես, սին են խոսակցությունները, թե ընդդիմադիր ամենամեծ խմբակցության պատգամավորները չեն ցանկանում սկսել Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. ցանկանում են, պարզապես դրա համար փողոցային ճնշում է պետք։
«Թե չէ ստացվում է՝ մարդիկ մի սելֆիի ձող ունեն, իրենց արդեն քաղաքական գործիչ են համարում»,-ասաց Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով իրենց իմպիչմենտի գործընթաց չսկսելու մեջ մեղադրողներին։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։