
Ազիզ Նասիրզադեն Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը վերահաստատել է Իրանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 21-ին ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեին:
ԱԽ գրասենյակից հայտնում են, որ Արմեն Գրիգորյանը ողջունել է Ազիզ Նասիրզադեի այցը Հայաստան և կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները, որոնք իրենց նպաստն են բերում Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացմանը և ամրապնդմանը:
Նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահությամբ նշել, որ երկկողմ հարաբերությունները զարգանալու միտում ունեն:
Հանդիպման ընթացքում նախարար Նասիրզադեն վերահաստատել է Իրանի աջակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն ու տարածաշրջանի երկրների անկախությանը՝ դեմ արտահայտվելով միջազգային ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության: