
Թուրքիայի հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընը Սիրիայում է

Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը Սիրիայում հանդիպում է ունեցել երկրի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի, արտաքին գործերի նախարար Ասադ Հասան Շեյբանիի և սիրիական հետախուզության ղեկավար Հոսեյն Սալամեի հետ։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Կողմերը քննարկել են Անկարայի և Դամասկոսի երկկողմ հարաբերությունները։Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել PKK/YPG կազմակերպության դեմ պայքարին, որը, ինչպես մյուս զինված խմբավորումները, ըստ կողմերի, պետք է վայր դնի զենքերը և ինտեգրվի Սիրիայի նոր քաղաքական համակարգին։
Քննարկվել են նաև սահմանային անվտանգության ապահովման, սահմանային անցակետերի շահագործման, բանտերն ու ճամբարները, որտեղ պահվում են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման անդամները, սիրիական իշխանությունների վերահսկողությանը փոխանցելու միջոցառումները։ Բացի այդ, կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը, այդ թվում՝ Իսրայելի հարձակումներին և Սիրիայի օդային տարածքի խախտումներին։
Բանակցությունների մասնակիցները կոչ են արել ամբողջությամբ վերացնել Սիրիայի դեմ բոլոր պատժամիջոցները և քննարկել սիրիացի փախստականների կամավոր և անվտանգ վերադարձն իրենց հայրենիք դյուրացնելու ուղիները: