Բաժիններ՝

Էրդողանը քննադատել է Իսրայելին և կոչ է արել ճանաչել Պաղեստինի տարածքային ամբողջականությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 21-ին Բուդապեշտում տեղի ունեցող «Թյուրքական պետությունների կազմակերպության» (TDT) ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ ունեցած ելույթում կոշտ անդրադարձ է կատարել Իսրայելի հասցեին: Այս մասին հայտնում է Hurriyet-ը։ Կոշտ խոսքերով արձագանքելով պաղեստինցի ժողովրդի դեմ Իսրայելի հարձակումներին՝ Էրդողանը ուշադրություն է հրավիրել նաև մի կարևոր վտանգի վրա։

«Քաղաքացիները դժոխք են ապրում Գազայում, սարսափելի նախազգուշացում է արվել, որ 14000 նորածիններ կմահանան, եթե օգնություն չհասնի: Իսրայելի անսահման էքսպանսիոնիզմը պետք է դադարեցվի և Պաղեստինի տարածքային ամբողջականությունը պետք է ճանաչվի»,-հայտարարել է Էրդողանը:

«Թյուրքական աշխարհի ներդրումը կարևոր է հրադադարի հաստատման, մարդասիրական օգնության անխափան առաքման, Գազայի վերականգնման և երկարաժամկետ խաղաղ գործընթացի հասնելու ջանքերի համար»,- ընդգծել է նա։ Էրդողանը ելույթում անդրադարձ է կատարել նաև Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությանը և Սիրիային: 

«Մենք բոլորս խորապես զգում ենք Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի գլոբալ ազդեցությունը։ Կողմերը հանդիպել են Ստամբուլում, և մենք կշարունակենք մեր շփումները երկու երկրների հետ՝ հանուն արդար խաղաղության։ Սիրիայում կայունության համար մեր ինտենսիվ ջանքերը շարունակվում են»,- ասել է Էրդողանը։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս