Ալիևը ՀՀ-ից պահանջել է պայմաններ ստեղծել «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել միջազգային հանրությանն ու անդրադարձել է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան վերադարձի մասին:

Նա հայ հանրությանը մեղադրել է թուրք ժողովրդին ատելու, «Մեծ Հայաստանի» երազանքով ապրելու համար, ինչը տարածքային նկրտումներ է պարունակում Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ:

Ալիևը կրկին անդրադարձել է ՀՀ Սահմանադրությանը, որն, ըստ նրա, տարածքային պահանջներ է պարունակում հարևանների նկատմամբ, խոսել է նաև այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի իրավունքի ժխտման մասին, ինչը խոչընդոտ է «խաղաղության ճանապարհին»:

«Հայաստանը պետք է դադարեցնի տարածքային նկրտումները հարևանների նկատմամբ, ձեռնարկի քայլեր՝ ադրբեջանցիների մշակութային ժառանգության պահպանման համար, թույլ տար ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդական առաքելության անցկացումը և սկսի երկխոսություն հանրության հետ՝ վերադարձի հարցով»,-ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը Հայաստանի իշխանությունից պահանջել է հստակ դիրքորոշում հայտնել, թե ինչ պայմաններում արևմտյան ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ իրենց պատմական հայրենիք:

«Կցանկանայի ընդգծել, որ արևմտյան ադրբեջանցիների վերադառնալու ցանկությունը չի նշանակում տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, և Հայաստանը պետք է զերծ մնա ցանկությունը նման ձևաչափով ներկայացնելու փորձերից»,-ասել է Ալիևը:

Տեսանյութեր

Լրահոս