Սա տնտեսական տեռոր է. ՀՀ պետական մարմինները պետք է արձագանքեն, ինչո՞ւ չեն անում. Գագիկ Մակարյան

Սա տնտեսական տեռոր է Հայաստանի կոնյակագործության հանդեպ. Վրաստանի դեսպանատան դիմաց կոնյակագործների բողոքի ակցիայի ժամանակ նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Մակարյանն ասաց, որ Վրաստանում վերցնում են արտահանողների փաստաթղթերը, ուսումնասիրում, տեսնում են կոմերցիոն գաղտնիքներ՝ ռուսական որ ընկերությանն է վաճառվում, ինչ գնով, ինչպիսի բաղադրություն ունի տվյալ կոնյակը․ «Ենթադրում եմ՝ այդ տվյալները փոխանցելու են իրենց կոնյակագործներին, փորձելու են այս շուկան խափանելով՝ իրենք աստիճանաբար գրավել»։

Նա նշեց, որ Վրաստանը 4 բրենդով կոնյակներ է արտադրում, Ադրբեջանն էլ ունի կոնյակ, թեև որակով զիջում են, տարբերվում են, բայց չի բացառվում, որ Ադրբեջանը Վրաստանի միջոցով գրոհում են հայկական կոնյակագործության, խաղողագործության վրա։

«Վաղը, մյուս օրը խաղողը պետք է մթերվի, պատկերացրեք՝ եթե չմթերվի, ինչ դժգոհություն կլինի գյուղացիների կողմից, դա կարող է բերել կոնֆլիկտի կոնյակ, գինի արտադրողների, խաղող մշակողների միջև»,- ասաց Մակարյանը։

Նա կարծիք հայտնեց, որ Վրաստանի դեսպանությունը ոչինչ չի անի։ «Բայց մեր պետական մարմինները չպետք է լռեն, պետք է կտրուկ լինեն։ Ենթադրում են՝ որտեղից է հարվածը գալիս, բայց հավանաբար, չեն ուզում դա քաղաքական մակարդակով ներկայացնել»,-ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս