
Դոնալդ Թրամփը գտնում է, որ Իրանի միջուկային ծրագրի խնդիրը կլուծվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կունենա հանգուցալուծում: Այս մասին նա հայտարարել է Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալի հետ հանդիպման ընթացքում, որը ուղիղ հեռարձակմամբ ներկայացվել է Սպիտակ տան կայքում:
«Կարծում եմ՝ դա կլուծվի այս կամ այն կերպ։ Հետաքրքիր իրավիճակ է»,- հայտարարել է Թրամփը Դոհայում՝ անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին:
Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը նշել էր, որ խնդրի դիվանագիտական լուծման բացակայության դեպքում ԱՄՆ այլ միջոցներով Իրանին զերծ կպահի միջուկային զենքի ստեղծումից:
Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների չորրորդ փուլը տեղի է ունեցել մայիսի 11-ին։ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ բանակցությունների այս փուլը բարդ է ստացվել: Մինչդեռ, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կողմերի դիրքորոշումների մերձեցում է արձանագրել՝ ընդգծելով, որ բանակցություններում առաջընթաց է նկատվում: Ընդ որում, նշել է, որ Միացյալ Նահանգների հետ վստահության հասնելու նպատակով Իրանը պատրաստ է ճշգրտել ուրանի հարստացման մակարդակը, սակայն չի պատրաստվում ամբողջությամբ հրաժարվել հարստացումից։
Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների առաջին և երրորդ փուլերը կայացել էին Օմանում (ապրիլի 12-ին և 26-ին), իսկ երկրորդ փուլը՝ ապրիլի 19-ին, Հռոմում: Բանակցություններին իրանական կողմից մասնակցում է Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյանից՝ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը: