
Ի՞նչ եք ուզում մի դատարանից, որի իրական ղեկավարը ԱԺ-ում ընդդիմադիրներին ասում է՝ համբալներ. Զոհրաբյան
Քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ հունիսի 11-ին լրանալու է այդ «խայտառակ քաղաքական ֆարսի» 2-րդ տարին:
«Երեկ ԱԺ-ում լսում եմ գլխավոր դատախազին. Գլխավոր դատախազի ուսադիրներ կրող տիկինը հայտարարում է, որ՝ բանավոր պայմանավորվածության արդյունքում մենք հանել ենք հետախուզումը՝ վիժվածք ադրբեջանցի մարդասպան, մարդ գլխատող Զեյնալլիի հանդեպ: Այդ կադրերը բոլորս տեսել ենք, թե ինչպես էր ադրբեջանցի վիժվածքն ուղիղ եթերում մորթում 82-ամյա տարեց արցախցուն: Այսինքն՝ տարեց արցախցուն գլխատողի հանդեպ Հայաստանի դատախազությունը՝ Նիկոլ Փաշինյանի, բնականաբար, ուղղակի հրահանգով՝ միջազգային հետախուզումը հանում է, իսկ այստեղ 2 տարի շարունակվում է այս դատական ֆարսը մի գործի, որի դեպքում երբ լսում ես վկաներին՝ մարդիկ զարմանում են, թե ընդհանրապես իրենք ինչու են այստեղ:
Ես ավելի քան վստահ եմ՝ մեղադրող դատախազներն էլ չգիտեն՝ ինչ պեղեն, որ Արմենի հանդեպ այս քաղաքական հետապնդման պատվերը շարունակեն»,- ասաց Զոհրաբյանը:
Նա հիշեցրեց ԵԺԿ բանաձևը, որտեղ վերահաստատել էր նախկին հայտարարությունները քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի մասով. «Դուք ի՞նչ եք ուզում մի դատարանից, որի իրական ղեկավարն ԱԺ-ում սպառնում է ընդդիմադիրներին՝ ոտից կախել, անվանում է համբալներ, սպառնում է լցնել ԱԱԾ-ի պադվալները: Քանի Նիկոլ Փաշինյանն իշխանության է՝ Հայաստանը շարունակելու է գահավիժել դեպի տոտալիտար բռնապետություն: Մենք այսօր տեսնում ենք, որ ոչ միայն արդարացվում է ֆաշիզմը, այլև Նիկոլ Փաշինյանը նյու ֆաշիզմի կրող է փորձում հանդիսանալ՝ իր տարբեր կալիբրի քարոզիչների շպրտելով Հ1-ի եթեր, որ փորձեն նաև մեր պատմության մի կարևոր հաղթանակած մաս ևս պղծել:
Քանի Փաշինյանը կա, մտածել, որ այս քաղաքական դատավարությունները դադարելու են, աբսուրդ է: Ես պարզապես վերջին անգամ ուզում եմ դիմել դատավոր Դոլմազյանին՝ մի դարձեք գործիք՝ Փաշինյանի քաղաքական պատվերները կատարելու, որովհետև մենք մի լուսապայծառ առավոտ զարթնելու ենք և, ամենայն հավանականությամբ, Նիկոլը՝ իր ընկերուհի Աննա Հակոբյանի հետ, թռած է լինելու երկրից, և դուք մնալու եք ժողովրդի և իրավական համակարգի դեմ հանդիման»:
Մանրամասները՝ տեսանյութում