
Ռուսական պատվիրակությունը հինգշաբթի Ստամբուլում կսպասի ուկրաինական կողմին. Պեսկով

Ռուսական պատվիրակությունը հինգշաբթի կլինի Ստամբուլում և այնտեղ կսպասի ուկրաինական կողմին։ Ըստ ТАСС-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության (ВГТРК) լրագրող Պավել Զարուբինի հարցին։
«Մենք գնահատում ենք միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները, որն առաջարկել է հինգշաբթի Ստամբուլում պատվիրակությունների միջև բանակցություններ անցկացնել։ Մեր պատվիրակությունը կլինի այնտեղ և կսպասի ուկրաինական կողմին»,-հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով Զարուբինի հարցին՝ Վլադիմիր Զելենսկու՝ Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպելու ցանկության մասին հայտարարությունների առնչությամբ։
Պեսկովը պարզաբանել է նաև, որ ռուսական պատվիրակության կազմը կհրապարակվի, երբ լինեն Ռուսաստանի Դաշնության նախագահի համապատասխան հանձնարարականները։
Ավելի վաղ Զելենսկին հաստատել էր, որ մայիսի 15-ին կլինի Թուրքիայում, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նա միաժամանակ մանրամասնել է, որ ակնկալում է Անկարայում կամ Ստամբուլում հանդիպել Պուտինի հետ։