
«ԱՆԻՖ-ի մասին, երբ խոսում եք, իմ գործին եք խփում, ոչ թե Աննա Գրիգորյանի». Նիկոլ Փաշինյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Կառավարության հետ հարցուպատասխանին կրկին գիրք էր բերել՝ թուրք պատմաբաններից մեկի գիրքը, որտեղ Դաշնակցության դեմ կեղծ թեզեր են ներկայացվում։
«Հատկապես վերջին շրջանում ԱԺ-ում շատ են Դաշնակցության դեմ խոսում, հետո հիշեցի, թե այս գիրքը որ մեկին տաս, բոլորը շատ հաճախ թուրքական թեզերով են, դրա համար գիրքը կպահեմ ինձ»,- նշեց Գեղամ Մանուկյանը՝ խոսքն ուղղելով մասնավորապես Նիկոլ Փաշինյանին։
Այնուհետև, Գեղամ Մանուկյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց կոռուպցիայի մասին, թե ինչպե՞ս է լինում, որ պաշտոնյան թաթախված է կոռուպցիայի մեջ, բայց տարիներով պաշտոնավարում է։
«Վերջերս Կառավարության նիստերը նայելու ֆանատ եմ դարձել, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ինքնախոստովանական ցուցմունք է տալիս, որ չեն կարողանում աշխատել՝ նախագծերը հետ են տալիս, նույն դասարանում են մնում, հանձնարարություն են տալիս՝ չեն կատարում, և այլն»,- նշեց Գեղամ Մանուկյանը։
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, Անվտանգության խորհրդի քարտուղարն ամեն ամիս, երբեմն ավելի հաճախ զեկուցում է գրավոր կարգով մամուլում հրապարակված այն բոլոր տեղեկությունները, որոնք վերաբերում են կոռուպցիոն դեպքերին։
«Դուք կոռուպցիայի մասին բոլորը գիտեք և հանրությունը գիտի և այդ ամենը գիտի, որովհետև ՀՀ-ն մամուլի ազատությամբ աշխարհում 34-րդ երկիրն է։ Հիմա ոչ մեկը մամուլի հրապարակումների համար խմբագրություններ չի պայթեցնում, լրագրողներին չեն նստեցնում, լրագրողների չեն սպանում, և այդ ամենը դրա արդյունքն է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Արձագանքելով՝ Գեղամ Մանուկյանն ասաց.
«Արմեն Գրիգորյանի գործն Անվտանգության խորհրդի քարտուղարի աշխատա՞նքն էր, թե՞ հակակոռուպցիոնի մամուլի ծառայություն, որ ինքն է տալիս։ Կառավարման հսկայական համակարգ ունեք, թող ուրիշները տրամադրեն։ Դրա համար էլ կառավարման համակարգն այս օրին է»։
Այնուհետև, պատգամավորն անդրադարձավ ԱՆԻՖ-ին՝ շեշտելով.
«Աննա Գրիգորյանի գործին եմ խփում, բայց դրա հետ կապված՝ ասում եք՝ անմեղության կանխավարկած։ Բայց այդքան նյութ է հրապարակվել…»։
Մինչ ԱՆԻՖ-ին անդրադառնալը, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Արմեն Գրիգորյանն Անվտանգության խորհրդի քարտուղարն է, իսկ կոռուպցիան անվտանգության սպառնալիք է։
ԱՆԻՖ-ի առնչությամբ էլ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ոչ թե Աննա Գրիգորյանի գործին է խփում, այլ իր գործին։
«Այն, ինչ դուք գիտեք ԱՆԻՖ-ի մասին, ուրեմն՝ այդ ամենը գիտեք այն բանի շնորհիվ, որ իմ հանձնարարությամբ ուսումնասիրել ու արել են բացահայտումներ»,- ընդգծեց Ն. Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում