
«Դո՞ւք եք խոսում բարեհաճությունից, Ձեզ նայեք, էլի. Ձեր հարցին չեմ պատասխանի». Լրագրողի և Գալյանի վեճը
«Փաստացի, եթե խոսում ենք թվերի մասին՝ իրականում դեպքերն ավելացել են՝ ունենք դեպքերի աճ։ Գուցե այս ամենը պայմանավորված է նրանով, որ որոշակի խումբ անձինք ավելի շատ են այս պահին գտնվում անազատության մեջ, քան նախկինում էր։ Բայց կարծում եմ՝ սա պատասխան չէ, այս ուղղությամբ մենք աշխատանքներ պետք է կատարենք»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ խոսելով Քրեակատարողական հիմնարկներում վերջին շրջանի մահվան դեպքերի մասին։
Նախարարը նշեց, որ այս պահին իրականացնում են հոգեկան առողջության որոշակի խնդիրներ ունեցող անձանց հաշվառում, որպեսզի հասկանան, թե իրենց կոնտինգենտից որքանն են հակված ինքնավնասման։
Լրագրողի հարցին՝ այսինքն՝ երբ իր մտերիմը նշանակվեց ՔԿ պետ, այդ հարցում որևէ արդյունք չտվե՞ց, Սրբուհի Գալյանը հեգնելով պատասխանեց՝ այո, հստակ պատճառական կապ կա նշանակման և մահերի աճերի միջև։
Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց՝ հոգեբաններ չե՞ն աշխատում անազատության մեջ գտնվող անձանց հետ, գուցե պայմաններ չկան, դրա համար մարդիկ ինքնասպանության են դիմում, սակայն Սրբուհի Գալյանն անտեսեց այս հարցը։
Լրագրողը նախարարին հորդորեց հարգալից լինել։
«Գոնե ասեք, որ հարցին կպատասխանեք, լսում եք, հետո արհամարհական թեքվում»,- նշեց լրագրողը, ինչին ի պատասխան՝ Սրբուհի Գալյանն ասաց՝ եթե բարեհաճ լինեիք ու ինձ չընդհատեիք…
Լրագրողը հակադարձեց Գալյանին՝ ասելով.
«Դո՞ւք եք խոսում բարեհաճությունից, մի հատ հետ տվեք ու ձեզ նայեք, էլի, տեսեք՝ բարեհաճ գտնվեցի՞ք մեր հանդեպ»։
Սրբուհի Գալյանն էլ արձագանքեց, որ չի բանավիճելու ու այլևս լրագրողի հարցին չի պատասխանելու։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում