
Եվրահանձնաժողովը ռուսական գազից հրաժարվելու ծրագիր է ներկայացրել. Deutsche welle

Եվրահանձնաժողովը մեկ ամսվա ընթացքում կներկայացնի օրենք, որը կկանխի Ռուսաստանի հետ գազային նոր պայմանագրերի կնքումը։ Կարճաժամկետ գնումները պետք է դադարեցվեն մինչև 2025 թվականի վերջ, իսկ երկարաժամկետ պայմանագրերը մինչև 2027 թվականը։ Այս մասին տեղեկացնում է Deutsche welle պարբերականը:
Եվրահանձնաժողովը այդ մասին հայտարարել է այսօր՝ Ստրասբուրգում: Ըստ այդ ծրագրի՝ մինչև 2027 թվականը ռուսական հանածո վառելիքի ներկրումն ամբողջությամբ դադարեցվելու է: Այս ծրագրի շրջանակներում քայլ առ քայլ «ճանապարհային քարտեզի» հրապարակումը երկու անգամ հետաձգվել է: Այս անգամ այն ներկայացվել է ընդհանուր տեսքով, իսկ մեկ ամիս անց կհրապարակվեն պաշտոնական օրենսդրական առաջարկները, հայտարարել է էներգետիկայի հարցերով ԵՄ հանձնակատար Դեն Յորգենսենը։
Ռուսաստանի Դաշնությունից էներգիայի աղբյուրներից աստիճանական անցման ծրագիրը, որը կոչվում է REPowerEU, ներառում է մի շարք օրենսդրական փոփոխություններ Եվրամիության մակարդակով և պարտադիր ազգային պլաններ մինչև 2025 թվականի վերջը, պարզաբանել է եվրահանձնակատարը։