
«Կամուրջ» հանրային սննդի կետը շարունակում է աշխատել սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումներով. ՍԱՏՄ-ի հայտարարությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները երկրորդ անգամ ստուգում են իրականացրել «Սերոբ» ՍՊԸ-ին պատկանող «Կամուրջ» հանրային սննդի օբյեկտում (Երևան, Տիգրան Մեծի պողոտա): Այս մասին տեղեկանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից, որի մեջ ընդգծվում է, որ սննդի կետը կենթարկվի կրկնակի վարչական պատասխանատվության:
«Քաղաքացու ահազանգի հիման վրա ստուգում են իրականացրել «Սերոբ» ՍՊԸ-ին պատկանող «Կամուրջ» հանրային սննդի օբյեկտում (Երևան, Տիգրան Մեծի պողոտա): Իրականացված ստուգումը հաստատել էր, որ բողոքը հիմնավոր է, հանրային սննդի կետն աշխատում է սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումներով:
Տեսչական մարմնի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ, «Կամուրջ» հանրային սննդի օբյեկի արտադրական գործունեությունը կասեցվել է:
Սակայն, քաղաքացիները կրկին ահազանգել են, որ տվյալ հանրային սննդի օբյեկտը չի կասեցրել արտադրական գործունեությունը, շարունակում է աշխատել, ավելին՝ չի վերացրել հայտնաբերված սանիտարահիգիենիկ խախտումները։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշման պահանջը չկատարելու՝ «Սերոբ» ՍՊԸ-ին պատկանող «Կամուրջ» հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը չդադարեցնելու պատճառով՝ օբյեկտում նորից իրականացվել է ստուգում, հստակեցվել է, որ հայտնաբերված խախտումները վերացնելու հանձնարարականը դեռ չի կատարվել:
Տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության»,- նշված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ: