Եթե մենք պատգամավորին առաջարկում ենք՝ իր պարտականությունը կատարի, դրա շանտաժը ո՞րն է․ Էդգար Ղազարյանը՝ «Հայաստան» խմբակցությանը

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը մշտապես կողմնակից է եղել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու որևէ տարբերակի կիրառմանը և առաջինն է հայտարարել իմպիչմենտի իրավական գործիքը կիրառելու տարբերակի մասին․ ահա այս պնդումներով այսօր հայտարարություն է տարածել ԱԺ «Հայաստան» խմբակցությունը։

Հայտարարություն մեջ, սակայն, այս պնդումներից հետո խմբակցությունը նաև նշել է ընդդիմությանն ուղղված մի քանի պայմաններ։

««Հայաստան» խմբակցությունը միաձայնությամբ վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ տրամադրելու մեր բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը, ինչպես նաև հրապարակավ կհայտարարեն իմպիչմենտի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության և պատասխանատվության մասին,- նշել են նրանք՝ հարկ համարելով նաև առանց կոնկրետ օրինակների արձանագրել, թե անընդունելի են համարում խմբակցության պատգամավորներին թիրախավորելու, իրենց հետ շանտաժի լեզվով խոսելու փորձերը, որոնք անպատասխան չեն կարող մնալ,-

Այս գործելաոճը կասկածներ է առաջացնում՝ արդյո՞ք նախաձեռնությունը ուղղված է Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն, թե՞ դրա տակ թաքնված է «Հայաստան» խմբակցությանը թիրախավորելու նպատակ»։

Կարդացեք նաև

Իմպիչմենտը համանախաձեռնած հանրային-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի մոտ էլ կասկածներ է հարուցել այս հայտարարության տեքստը։

«Այս դիրքորոշումը ոչ միայն սպասելի չէ, այլև՝ խիստ տարօրինակ է, որովհետև մենք պատգամավորների հետ շանտաժի լեզվով երբեք չենք խոսել․ մենք՝ որպես քաղաքացի,  օգտվել ենք պատգամավորներին առաջարկություններ ներկայացնելու մեր իրավունքից։ Մեր գրությունը հղումներ է պարունակում միայն ՀՀ Սահմանադրությանը,- 168am-ի հետ զրույցում նշեց Էդգար Ղազարյանը, ապա անդրադառնալով «Հայաստան» խմբակցության հայտարարությամբ առաջ քաշվող պայմաններին՝ շեշտեց,- Որ առաջարկություն ներկայացնողը պետք է նաև առաջարկության ծրարի մեջ դնի նաև 10 պատգամավորների, կամ պասիլկայով իրենց ուղարկի 10 պատգամավոր, կամ՝ նամակը ներկայացնելու պահին փողոցում նաև կազմակերպի իրենց պատկերացումներին համապատասխան քանակով հանրահավաք, Սահմանադրությունը և քաղաքացիների՝ դիմում ներկայացնելու մասին օրենքը չի նախատեսում։

Այսինքն՝ մենք պատգամավորներին դիմել ենք՝ իրենց՝ որպես պատգամավորների, հանրային ծառայողների պաշտոն պարտականությունները կատարելու առաջարկությամբ, և իր պարտականությունները կատարելու համար որևէ պատգամավոր այդ առաջարկությունը ներակայացնող քաղաքացուն պահանջներ չի կարող ներկայացնել․ նա կարող է միայն ասել մեկ բան՝ ես իմ պարտականությունները չեմ կատարում, կամ՝ կատարում եմ այս ձևով։ Թե դրա քաղաքական գնահատականն ու մեկնաբանությունը, ընկալումը ո՞նց կլինի, դա արդեն կախված է նրա պատասխանից»։

Էդգար Ղազարյանը վերահաստատեց՝ իրենք որևէ մեկին որևէ պահանջ չեն ներկայացրել ու չեն էլ կարող։

«Ես ինքս եմ այդ նամակի հեղինակը, ու այդ նամակում ընդամենը հղում եմ կատարել Սահմանադրությանը։ Շանտաժը ո՞րն է, եթե մենք պատգամավորին առաջարկում ենք՝ իր պարտականությունը կատարի։ Դրա շանտաժը ո՞րն է, կամ՝ ի՞նչ է նշանակում «Հայաստան» խմբակցության պատգամավորներին թիրախավորել․ այդ անվստահության գործընթացի թիրախում մեկ հոգի է՝ Նիկոլ Փաշինյանը։

Ցանկացած կարծիք կարելի է լսել, բայց հետաքրքիր են այն կարծիքները, որոնք հիմնավոր են»։

Տեսանյութեր

Լրահոս