Բաչիաշվիլիին պարտավորեցրել են Իվանիշվիլիին վճարել մինչև 9000 բիթքոյն

«Վրացական երազանք»-ի հիմնադիր, նախկին վարչապետ ու պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նախկին «անձնական ֆինանսիստ» և «կրիպտոարժույթի գործով» դատապարտված Գիորգի Բաչիաշվիլիին, որ նաև «Համաներդրումային հիմնադրամ»-ի նախկին ղեկավարն է, պարտավորեցրել են մինչև 9000 բիթքոյն վճարել Իվանիշվիլիին։ Ըստ aliq.ge-ի՝ համապատասխան որոշումը կայացրել է դատավոր Զաալ Մարուաշվիլին։

Իվանիշվիլիի փաստաբան Թեիմուրազ Ծիքվաձեի խոսքով, դատավորը հայցը լիովին բավարարել է։ Որոշման համաձայն, եթե Բաչիաշվիլին չունենա բիթքոյններ, ապա դրանց արժեքին համապատասխանող փոխհատուցում պետք է տրվի Բաչիաշվիլիի անձնական ունեցվածքի վաճառքի միջոցով։

Բաչիաշվիլիի փաստաբանը 7 օր ունի որոշումը բողոքարկելու համար, սակայն, ինչպես լրատվամիջոցների ներկայացուցիչներին պարզաբանել է Բաչիաշվիլիի փաստաբան Սոփո Քուրթաուլին, վերաքննիչ բողոքը չի կասեցնում դրա կատարումը, և հայցվորը կարող է անհապաղ դիմել հարկադիր կատարման ընթացակարգը սկսելու համար։

Բաչիաշվիլիի դեմ գործը հարուցվել է 2023 թվականին՝ Իվանիշվիլիի հայտարարության հիման վրա։ Մեղադրական եզրակացության համաձայն, դատախազությունը Բաչիաշվիլիին մեղադրել է 39 մլն 215 հազար 820 ԱՄՆ դոլար արժողությամբ կրիպտոարժույթ յուրացնելու համար։ 2023 թվականի հուլիսի 6-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը նրան պարտավորեցրել է վճարել 2.5 միլիոն լարի որպես խափանման միջոց։

2025 թվականի մարտի 10-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը Իվանիշվիլիի նախկին «անձնական ֆինանսիստ» Բաչիաշվիլիին հեռակա կարգով դատապարտեց 11 տարվա ազատազրկման «կրիպտոարժույթի գործով»։

Իվանիշվիլիի նախկին դաշնակիցը մեղավոր ճանաչվեց թե՛ «մեծ քանակությամբ գումարի հափշտակության», թե՛ «անօրինական եկամուտների օրինականացման» կամ փողերի լվացման համար։

Բաչիաշվիլին արտերկրում է. նա մարտի 2-ին փախել է Վրաստանից։ Դատախազության տվյալներով, նա դրան պատրաստվում էր մի քանի ամիս։

Բաչիաշվիլիին մեղադրանք է առաջադրվել ևս երկու դեպքում.

  • «Սահմանի անօրինական հատման» պատճառով. մարտի 2-ին առանց թույլտվության և գաղտնի կերպով նա հատել է վրաց-հայաստանյան սահմանը, որից հետո նրա գրավը փոխարինվել է կալանքով։ Սակայն նա դեռևս արտասահմանում է։
  • «Մտկվարի ՀԷԿ»-ի գործի վերաբերյալ. այս դրվագն ի սկզբանե «կրիպտոարժույթի գործ»-ի մեջ էր հիշատակվել, չնայած գործարարին մեղադրանք է առաջադրվել 2025 թվականի փետրվարի 25-ին։ Այս մեղադրական եզրակացության համաձայն, Բաչիաշվիլին մեղադրվում է Իվանիշվիլիի «Համաներդրումային հիմնադրամ»-ի գլխավոր տնօրենի պաշտոնում «պաշտոնական պարտականությունները չկատարելու» համար։

Տեսանյութեր

Լրահոս