
Հայաստանը ողջունում է Երևան- Թբիլիսի-Բաքու համագործակցության հարթակներ ստեղծելու Վրաստանի նախաձեռնությունները

Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելուն ուղղված Վրաստանի ջանքերը և ողջունում է համագործակցության եռակողմ հարթակներ ստեղծելու Վրաստանի նախաձեռնությունները: Այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Երևանում Վրաստանի Հանրապետության նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի հետ հանդիպումից հետո համատեղ հայտարարության ժամանակ:
«Վերջին շրջանում Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերություններն աչքի են ընկել մեծ ակտիվությամբ և ընդլայնվող բովանդակությամբ: Հայաստանի և Վրաստանի միջպետական հարաբերությունները հիմնված են ռազմավարական գործընկերության տրամաբանության, ժողովրդավարական արժեքների, մեր պետությունների ինքնիշխանության և երկու բարեկամ ժողովուրդների ընդհանուր քրիստոնեական արժեհամակարգի և ընդհանուր ապագայի տեսլականի վրա»,–ասաց Խաչատուրյանը:
Նա նշեց, որ նախորդ տարիներին համագործակցության աննախադեպ ակտիվացումը, ռազմավարական գործընկերության հաստատումը կայուն հիմքեր են ստեղծել և պարտավորեցնում են բազմապատկել ջանքերը՝ փոխշահավետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:
Նախագահը կարևորեց Հայաստանի և Վրաստանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ հայտարարությունները՝ որպես Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ամրապնդման գործոն: Խաչատուրյանի գնահատմամբ՝ Հայաստան–Վրաստան հարաբերությունները զարգանում են թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում:
Հայաստանի և Վրաստանի նախագահները հանդիպմանն անդրադարձել են երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, կրթամշակութային, սպորտի և երիտասարդության ոլորտներին առնչվող հարցերի:
«Անշուշտ, այսօր քննարկում ենք ունեցել նաև տարածաշրջանային կայունության և երկարատև խաղաղության հաստատման հարցերի շուրջ: Հայաստանը հաստատակամ է խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում և շարունակելու է իր կառուցողական ներգրավվածությունը խաղաղության գործընթացում»,–ասաց ՀՀ նախագահը:
Խաչատուրյանը հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է և պատրաստ է ստորագրման: Հայաստանն ակնկալում է, որ կարող է համապարփակ խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ:
«Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելուն ուղղված Վրաստանի ջանքերը: Ողջունում ենք համագործակցության եռակողմ հարթակներ ստեղծելու Վրաստանի նախաձեռնությունները և արժևորում Վրաստանի դերը՝ համագործակցության եզրեր գտնելու, ընդհանուր տնտեսական նախագծեր իրականացնելու հարցում»,–ասաց նախագահը:
Երկու երկրների նախագահները մտքեր են փոխանակել նաև միջազգային կարևորության մի շարք հարցերի՝ աշխարհաքաղաքական զարգացումների և տարածաշրջանային հեռանկարների վերաբերյալ:Խաչատուրյանը վստահություն հայտնեց, որ Հայաստանն ու Վրաստանը կշարունակեն խորացնել և ամրապնդել գործընկերային հարաբերությունները:
Վրացական կողմի նախաձեռնությամբ ապրիլի 17-ին Թբիլիսիում կայացել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տեղակալների հանդիպումը՝ նվիրված տարածաշրջանային համագործակցության հեռանկարներին։
«Հանդիպման ընթացքում կքննարկվեն եռակողմ համագործակցության հնարավորությունները, կբացահայտվեն հնարավոր համագործակցության ոլորտները, որպեսզի տարածաշրջանի երկրները համատեղ մոտեցումներ մշակեն մի շարք հարցերի շուրջ»,- հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ասել էր Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան:
Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ադրբեջանական կողմից՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը։