Բաժիններ՝

Իսպանիայում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնումը մի քանի ժամ կպահանջի

Իսպանիայում էլեկտրամատակարարման լիարժեք վերականգնման համար կարող է պահանջվել վեցից տասը ժամ։ Այս մասին հայտնում է Pais թերթը՝ հղում անելով Red Electrica ազգային էլեկտրական ցանցի շահագործման տնօրեն Էդուարդո Պրիետոյին։

«Պրիետոն նշել է՝ էլեկտրաէներգիայի լիարժեք վերականգնման համար կարող է պահանջվել վեցից տասը ժամ», – գրում է թերթը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի և Պորտուգալիայի զգալի հատվածներում էլեկտրականության անջատումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով կաթվածահար է եղել հանրային տրանսպորտի աշխատանքը, առաջացել են մեծ խցանումներ, հետաձգվել չվերթեր։

Իշխանությունները դեռ չեն կարողացել պարզել անջատումների հստակ պատճառը՝ չնայած կիբերհարձակումը չի բացառվում։ Կատարվում է հետաքննություն։

Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ Իսպանիայում իրավիճակը կառավարելու համար ճգնաժամային հանձնաժողով է ստեղծվել։ Էլեկտրականության անջատումից հետո Իսպանիայի և Պորտուգալիայի կառավարությունները նախարարների կաբինետի նիստեր են անցկացրել։

Իսպանիայի ռադիոկայանները հաղորդել են, որ Մադրիդի մետրոյի որոշ հատվածներից մարդկանց տարհանում է իրականացվել։ Մայրաքաղաքի առանցքային շենքերի մոտ մեծ թվով իրավապահներ են տեղակայվել։ Ամբողջ երկրում չվերթերի հետաձգումներ են արձանագրվել։

Պորտուգալիայում, ըստ ոստիկանության, անջատվել են նաև լուսացույցները, Լիսաբոնում և Պորտուում մետրոյի աշխատանքը դադարել է։ Լիսաբոնի մետրոյի օպերատոր ընկերությունը հայտնել է, որ ուղևորներով լի գնացքները կանգնած մնացել են տեղում։ Կարճ ժամանակով էլեկտրականության անջատումներ են եղել նաև Անդորայում և Ֆրանսիայի որոշ հատվածներում։

Մադրիդի քաղաքապետը մարդկանց կոչ է արել խուսափել ճանապարհներից և արտակարգ ծառայություններին զանգահարել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս