
Պուտինը եռօրյա հրադադար է հայտարարել Ուկրաինայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին ժամանակավոր՝ եռօրյա հրադադար է հայտարարել Ուկրաինայում:
Կրեմլի հաղորդմամբ, Պուտինն առաջարկել է դադարեցնել պատերազմը մայիսի 8-11 -ը, երբ Եվրոպայում, այդ թվում՝ Ռուսաստանում, հանդիսավոր միջոցառումներ են անցկացվելու Երկրորդ համաշխարհայինում տարած հաղթանակի 80 ամյակի կապակցությամբ։
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի որոշմամբ` մարդասիրական նկատառումներից ելնելով, Հաղթանակի 80-ամյակի օրերին՝ մայիսի 8-ի ժամը 00։00–ից մինչև մայիսի 11-ի կեսգիշերը, ռուսական կողմը հայտարարում է հրադադարի մասին», – ասվում է հայտարարության մեջ։
Այս ժամանակահատվածում դադարեցվում են բոլոր ռազմական գործողությունները։ Ռուսաստանը կարծում է, որ ուկրաինական կողմը պետք է հետևի այս օրինակին։
«Ուկրաինական կողմից հրադադարի խախտման դեպքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը համարժեք և արդյունավետ պատասխան կտան», – ասվում է հայտարարության մեջ։
Ռուսական կողմը կրկին հայտարարում է առանց նախապայմանների խաղաղ բանակցությունների պատրաստակամության մասին, որոնք ուղղված են ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառների վերացմանը և միջազգային գործընկերների հետ կառուցողական փոխգործակցությանը։