
Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի առաջարկած ծրագրի շուրջ տարաձայնություններ կան. Reuters

Ուկրաինացի և եվրոպացի պաշտոնյաները դեմ են արտահայտվել ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ տալու վերաբերյալ ԱՄՆ-ի որոշ առաջարկների` ներկայացնելով հակաառաջարկներ։ Այս մասին հայտնում է Reuters-ը, որն ուսումնասիրել է երկու տեքստերը։
Առաջարկներն արվել են ամերիկյան, եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաների միջև ապրիլի 17-ին Փարիզում և ապրիլի 23-ին Լոնդոնում կայացած բանակցությունների արդյունքներով։
Հիմնական տարաձայնությունները վերաբերում են տարածքների հետ կապված հարցերի լուծման հաջորդականությանը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացմանը, անվտանգության երաշխիքներին և ուկրաինական բանակի չափերին:
Առաջին տեքստն արտացոլում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթքոֆի կողմից Փարիզում եվրոպացի պաշտոնյաներին փոխանցված առաջարկները, որոնք իրենց հերթին փոխանցվել են ուկրաինացիներին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն առաջարկները որակել է որպես «լայն շրջանակ»՝ բացահայտելու կողմերի միջև եղած տարաձայնությունները։ Երկրորդ տեքստը ներկայացվել է մեկ շաբաթ անց Լոնդոնում ուկրաինացի և եվրոպացի պաշտոնյաների միջև բանակցությունների արդյունքում։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ ապրիլի 23-ին Լոնդոնում կայացած բանակցությունների արդյունքում առաջարկների փաստաթուղթն այժմ Դոնալդ Թրամփի սեղանին է:
Ուիթքոֆի առաջարկների համաձայն` ԱՄՆ-ն դե յուրե ճանաչում է Ռուսաստանի վերահսկողությունը Ղրիմի նկատմամբ, որը Մոսկվայի տիրապետության տակ է անցել 2014 թվականին, ինչպես նաև ճանաչում է ռուսական ուժերի կողմից գրավված Ուկրաինայի հարավային և արևելյան շրջանների նկատմամբ Մոսկվայի վերահսկողությունը։
Ի հակադրություն դրա` եվրոպական և ուկրաինական փաստաթուղթը հետաձգում է տարածքների մասին մանրամասն քննարկումը մինչև հրադադարի կնքումը՝ առանց փաստաթղթում հիշատակելու ուկրաինական որևէ տարածքի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության ճանաչումը:
Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգության վերաբերյալ Ուիթքոֆի փաստաթղթում նշվել է, որ Ուկրաինան կունենա «անվտանգության ամուր երաշխիք» եվրոպական և այլ բարեկամ պետությունների կողմից:
Այլ մանրամասներ այս մասին չկան, սակայն նշվել է, որ Կիևը չի ձգտի միանալ ՆԱՏՕ-ին: Հակաառաջարկի փաստաթղթում նշվել է, որ ուկրաինական ուժերի համար սահմանափակումներ չեն լինելու և Կիևի դաշնակիցների կողմից իրենց ռազմական ուժերը ուկրաինական հողում տեղակայելու սահմանափակումներ չեն լինելու, ինչն, ըստ Reuters-ի, ամենայն հավանականությամբ, կզայրացնի Մոսկվային: