Բաժիններ՝

Վաշինգտոնը դուրս կգա Ուկրաինայի շուրջ  բանակցություններից, եթե Մոսկվան և Կիևը մերժեն ԱՄՆ-ի պլանը. Վենս

Միացյալ Նահանգները մշակել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շատ կոնկրետ առաջարկ, և Վաշինգտոնը դուրս կգա բանակցային գործընթացից, եթե Մոսկվան ու Կիևը չհամաձայնեն իր առաջարկած պլանին։ Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Թաջ Մահալ այցից հետո։

«Եկել է ժամանակը, որ նրանք կա՛մ համաձայնեն, կա՛մ ԱՄՆ-ն դուրս գա այդ գործընթացից», – նրա խոսքն է մեջբերում Bloomberg գործակալությունը։

ԱՄՆ փոխնախագահը նաև նշել է, որ կողմերը պետք է պատրաստ լինեն տարածքային զիջումների՝ համաձայնության հասնելու համար։

«Տարածքների փոխանակում պետք է տեղի ունենա», – ասել է Վենսը՝ նշելով, որ հակամարտության կարգավորումից հետո սահմանը կարող է չհամընկնել ընթացիկ ճակատային գծի հետ։ 

Վենսը նաև նշել է, որ ընդհանուր առմամբ լավատեսորեն է տրամադրված հակամարտության կարգավորման բանակցությունների առումով, ինչպես նաև ընդգծել է, որ, իր կարծիքով, մինչ օրս կողմերը բանակցությունները վարել են բարեխղճորեն։

Ապրիլի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս էր հայտնել, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ համաձայնագիր ձեռք կբերվի առաջիկա շաբաթվա ընթացքում։ Ըստ The New York Post-ի՝ Թրամփի ծրագիրը կարող է ներառել կետ Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներում եվրոպական զորքերի տեղակայման մասին։

Բացի այդ, քննարկվում է «համատեղ հանձնաժողովի» ստեղծման հարցը, որի կազմի մեջ կլինեն Ռուսաստանի, Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի ոչ անդամ երրորդ երկրի ներկայացուցիչները՝ հրադադարի ռեժիմի հսկման համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները հետաձգել են ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու վերաբերյալ Լոնդոնում պլանավորած հանդիպումն այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրաժարվել է մեկնել Լոնդոն։

Ըստ The Daily Telegraph-ի՝ ամերիկյան ծրագիրը ներառում է ԱՄՆ-ի կողմից Ղրիմի նկատմամբ ՌԴ-ի ինքնիշխանության ճանաչումը, սակայն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մերժել է այդ առաջարկը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս