
Դատարանն ԱՄՆ վարչակազմին կարգադրել է վերականգնել «Ամերիկայի ձայն»-ի և այլ պետական լրատվամիջոցների աշխատանքը

Վաշինգտոնի շրջանային դատարանն ԱՄՆ վարչակազմին պարտավորեցրել է վերականգնել ԱՄՆ պետական Գլոբալ զանգվածային լրատվամիջոցների գործակալության (USAGM) աշխատանքը, որի լրատվամիջոցները ֆինանսավորվում են կառավարության կողմից՝ ամերիկյան արժեքներն աշխարհում տարածելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ապրիլի 22-ին համապատասխան վճիռը կայացրել է դատավոր Ռոյս Լեմբերտը, որը քննում է «Ամերիկայի ձայն» պետական ռադիոկայանի աշխատակիցների հարուցած հայցն ԱՄՆ կառավարության դեմ՝ USAGM-ի լուծարման որոշման պատճառով։
Լեմբերտն ԱՄՆ գործադիր իշխանությունից պահանջել է վերսկսել «Ամերիկայի Ձայն»-ի, ինչպես նաև «Ազատ Ասիա ռադիոկայանի» և «Մերձավոր Արևելք հեռարձակող ցանցերի» աշխատանքը: Սակայն նա չի կարգադրել վերականգնել USAGM-ի մյուս կառույցների գործունեությունը, որոնց թվում է նաև «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանը:
USAGM-ը մարտին ԱՄՆ կառավարության կողմից փակվելուց հետո ստիպված էր հարկադիր արձակուրդի ուղարկել ավելի քան 1000 աշխատակցի, և 600 կապալառուի տեղեկացրել էր նրանց հետ պայմանագրերը խզելու մասին։
Այնուամենայնիվ, դատարանի ներկայիս վճիռը միջանկյալ է։ Հայցվորները, որոնց թվում է «Ամերիկայի ձայն»-ի տնօրեն Մայքլ Աբրամովիցը, ողջունել են այն, բայց նշել, որ սպասում են ԱՄՆ վարչակազմի բողոքարկմանը:
Մարտի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել էր հրամանագիր USAGM-ի փաստացի լուծարման մասին՝ դաշնային մակարդակում բյուրոկրատիայի դեմ պայքարի շրջանակներում:
Այս որոշումից հետո ԱՄՆ կառավարության դեմ հարուցվել է մի քանի հայց, որոնց նպատակն է հասնել USAGM-ի վերաբերյալ ընդունված որոշումների չեղարկման։
Reuters-ը նշում է, որ ըստ Կոնգրեսի վերջին զեկույցի, 2024 թվականին USAGM-ը, որպես խումբ, ուներ շուրջ 3500 աշխատող և 886 միլիոն դոլարի բյուջե։