Բաժիններ՝

Աշխարհի տարբեր ղեկավարներ ցավակցել են Հնդկաստանում տեղ ունեցած ահաբեկչության կապակցությամբ

Աշխարհի մի շարք երկրների և կառույցների ղեկավարներ խստորեն դատապարտել են Հնդկաստանի Ջամու և Քաշմիրի նահանգում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով 28 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հեռախոսազրույցում ցավակցություն է հայտնել ահաբեկչության կապակցությամբ և իր լիակատար աջակցությունը հայտնել Նյու Դելիին մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որն այցով գտնվում է Հնդկաստանում, տեղի ունեցածն անվանել է «սարսափելի ահաբեկչական հարձակում»։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նույնպես իր աջակցությունն է հայտնել Հնդկաստանին։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի հյուսիսում տեղի ունեցած հարձակումն անվանել է «դաժան հանցագործություն, որը ոչ մի արդարացում չի կարող ունենալ»։ 

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին իր զորակցությունն է հայտնել Պահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին, վիրավորներին և հնդիկ ժողովրդին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, դատապարտելով հարձակումը, շեշտել է, որ «քաղաքացիական անձանց վրա հարձակումներն անընդունելի են ցանկացած հանգամանքներում»։ 

Հնդկաստանին ցավակցություններ են հայտնել և հարձակումը դատապարտել են նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Գերմանիայի, Իրանի, ԱՄԷ-ի, Շրի Լանկայի արտաքին գործերի նախարարությունները։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես ցավակցություն է հայտնել Պահալգամում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս