
Հռոմի պապը վախճանվել է

Այսօր 88 տարեկան հասակում մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը: Այս մասին հայտարարել են Վատիկանից:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հռոմի Կաթոլիկ եկեղեցու 266-րդ պապն էր, որն ընտրվելուց հետո ի պատիվ սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցու էր ստացել այդ անունը։ Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախորդներից առանձնանում էր իր ժամանակակից հայացքներով, պարզությամբ, ժողովրդականությամբ։
Վերջին 1200 տարվա պատմության մեջ նա առաջին լատինաամերիկացի պապն է: Երբ 2013 թվականին նա բարձրացավ Հռոմի պապի աթոռին, Time ամսագիրը նրան հռչակեց տարվա մարդ:
Իր ընտրությունից հետո Ֆրանցիսկոս պապը կոչ արեց մարդկանց չգալ Վատիկան և չմասնակցել իր ձեռնադրման արարողությանը, այլ այդ գումարը, որն իրենք պատրաստվում էին ծախսել ուղևորության վրա, տալ կարիքավորներին:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախօրեին զատկական իր պատգամի ժամանակ խոսել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավորության մասին և կոչ էր արել աղոթել «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման» համար։
«Որևէ խաղաղություն հնարավոր չէ այնտեղ, որտեղ չկան կրոնական ազատություններ… որևէ խաղաղություն հնարավոր չէ՝ առանց իրական զինաթափման»,- ասել էր քահանայապետը։
«Այս Հոբելենական տարվա առիթով Սուրբ Զատիկը թող լինի պատեհ առիթ ազատ արձակելու բանտարկյալներին՝ լինեն նրանք ռազմագերիներ թե քաղաքական բանտարկյալներ»,- շեշտել էր Հռոմի պապը։
Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ը (Խորխե Մարիո Բերգոլիո) ծնվել է 1936 թվականին Արգենտինայում։ Գահադրվել է 2013 թվականին` դառնալով պատմության մեջ առաջին պապը Ամերիկա մայրցամաքից։
Վերջին ամիսներին թոքաբորբով էր տառապում։ Նրա վերջին հայտնվելը հանրության առջև տեղի է ունեցել ապրիլի 20-ին, երբ նա հավատացյալներին դիմել է զատկական ուղերձով։