Բաժիններ՝

Եմենում ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով շուրջ 40  մարդ է զոհվել, վիրավորվել՝ ավելի քան 100-ը

ԱՄՆ-ի կողմից Եմենի արևմտյան ալ-Հոդեյդայի նահանգում գտնվող Ռաս Իսա նավթային օբյեկտի ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի, նախնական տվյալներով՝ 102 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

Ապրիլի 17-ի ուշ երեկոյան ԱՄՆ-ի օդանավերը շուրջ 14 հարձակում են իրականացրել ալ-Հոդեյդայի նահանգում գտնվող Ռաս Իսա նավահանգստի ուղղությամբ՝ տասնյակ աշխատակիցների կյանք խլելով։

Զոհերի թիվն աճել է այն բանից հեռտո, երբ ԱՄՆ-ն վերսկսել է տեղանքի թիրախավորումը քաղաքացիական պաշտպանության բրիգադների կողմից օգնություն տրամադրելու պահին, ինչի հետևանքով քաղաքացիական պաշտպանության անձնակազմի անդամներ  են զոհվել ու վիրավորվել:

Իր հերթին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Եմենի Ռաս Իսա նավթային նավահանգստին և ավերել այն:

«ԱՄՆ զինվորականները միջոցներ են ձեռնարկել Իրանի կողմից աջակցվող հութի-ահաբեկիչների վառելիքի այս աղբյուրը վերացնելու համար», – նշվել է հայտարարության մեջ։

Ըստ CENTCOM-ի՝ նավահանգիստն օգտագործվում էր Եմենի հութիների կողմից վառելիք ձեռք բերելու համար, որը նրանք օգտագործում են «ռազմական գործողություններին աջակցելու, ինչպես նաև տնտեսական օգուտներ ստանալու համար», և հարվածների նպատակն էր «խաթարել հութիների ուժի տնտեսական աղբյուրը»։

ԱՄՆ-ն մարտի 15-ից ի վեր շարունակում է հարձակումներ իրականացնել Եմենի վրա՝ նպատակ ունենալով վերացնել հութիների կողմից Կարմիր ծովում Իսրայելի կամ Իսրայելի հետ առնչվող նավերի վրա դրված շրջափակումը։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բռնկված ռազմական գործողություններից հետո հութիները սկսել են տասնյակ հարձակումներ իրականացնել Կարմիր ծովում և Արաբական ծովում իսրայելական կամ Իսրայելի հետ առնչվող նավերի վրա՝ Եմենում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից կիրառելով հրթիռներ և անօդաչու սարքեր՝ հայտարարելով, որ այդ կերպ իրենց աջակցությունն են հայտնում Պաղեստինին: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս