
Նախկին նախագահների, զինվորականների գույքերը վերադարձվելու են հատիկ առ հատիկ. Փաշինյան
Հեղափոխության բերած տեմպի շնորհիվ 2018-24 թթ. ՀՀ պետական բյուջե լրացուցիչ մուտք է եղել ավելի քան 1 տրլ 684 մլրդ դրամ կամ 4, 2 մլրդ դոլար։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով 2024թ. կառավարության ծրագրի կատարողականը։
Նրա խոսքով` 2018-24 թթ ՀՀ տնտեսությունն աճել է 43.5 տոկոսով։
«Սա 2011-17 թթ. բյուջեի աճի միջինացված թվերից ավելի է։ Եվ այս աճը համավարակի, պատերազմի տարիներին, որի մեջ ներառված չէ պետական պարտքը, քանի որ այն որպես բյուջեի եկամուտ չի հաշվառվում։ Երբ հայտարարում են, թե թալանածը ետ բերելու մեր խոստումները չենք կատարում, բա այս գումարը օդից ընկա՞վ։ Մենք բացառում ենք վենդետաները, վերադարձնել թալանվածը, պատժել հանցագործներին, և հանրապետությունը չդարձնել բեսպրեդելի սև խորշ աշխարհի քարտեզի վրա, այլ օրենքի գերակայությունը դարձնել անշրջելի և ինստիտուցիոնալ»,- հայտարարեց Փաշինյանը։
Ըստ նրա` ՀՀ իշխանությունը պաշտպանում է իր ժողովրդի իրավունքը, որ թացը չորի հետ չխառնվի, որ որևէ անմեղ մարդ բանտում չհայտնվի, որ արդարություն ու արդարադատություն լինի երկրում, այլ ոչ թե վրեժ կամ հաշվեհարդար։
Փաշինյանը հայտարարեց, որ արդեն իսկ ավարտված վարույթներով ՀՀ-ին է վերադարձվել շուրջ 210 մլրդ դրամի գույք և դրամական միջոցներ, իսկ 1.7 մլրդ դոլարի գույք այսօր գտնվում է կալանքի կամ արգելանքի տակ։
Փաշինյանը նշեց, որ այս ամենը պատկանել են ՀՀ նախկին նախագահներին, նախարարին, համայնքի ղեկավարներին, քաղաքացիական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների կամ նրանց ընտանիքի անդամների։